«Ռոբերտ Քոչարյանը պետք է բացատրություն տա, թե 97-98 թթ․ ինչու է Ղարաբաղը դուրս թողել բանակցային գործընթացից»,-այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրների հետ նախօրեին Ապարանում կայացած հանդիպմանը։
«Ես ակնկալում եմ, որ Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները պետք է արձագանքեն դրան, և ես հույս ունեմ, որ ընտրությունների նախորդ օրը տեղի է ունենալու բանավեճ, և եթե մինչև բանավեճը նույնիսկ չպատասխանեն, այդ բանավեճի ժամանակ ստիպված են լինելու պատասխանել այդ հարցադրումներին: Այո, ես և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին սպասում եմ հունիսի 18-ին կայանալիք ուղիղ եթերում բանավեճի։ Շատ հեշտ է փակ դահլիճներում խոսել, տղամարդլամիշ լինել։ Կգաք, դեմ դիմաց կկանգնենք և կխոսենք և բացատրություն կտաք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելուց հետո է ի հայտ եկել Մեղրին Ադրբեջանին հանձնելու ծրագիրը:
«Եւ այդ ծրագիրը Ռոբերտ Քոչարյանն է դավադիր և դավաճանական կերպով տարել, ՀՀ Անվտանգության խորհրդում քննարկել»,-նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս փաստը վկայում է ՀՀ պաշտպանության գործող նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն այն ժամանակ էլ է եղել պաշտպանության նախարար:
Ըստ Փաշինյանի՝ սրանից հետո Ստամբուլի գագաթնաժողովում արձանագրվել է, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանում, դրա արդյունքում են ձևավորվել Մադրիդյան սկզբունքները:
Մանրամասները՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում։