ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի:
ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։
Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել բոլոր ջանքերը և ձեռնարկել ամենախիստ միջոցներն ընդդեմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը սպառնացող ոտնձգությունների և սահմանային խախտումների:
Դատապարտելով Ադրբեջանի սադրիչ գործողությունները և իրավիճակը սրելու քայլերը՝ միաժամանակ, կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող և կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի սադրիչ գործողություններին համապատասխան գնահատական տալու և դատապարտելու ուղղությամբ»:
Հայտնել էինք, որ այսօր, 14:20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի (ԶՈւ) մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել ՀՀ պետական սահմանի Վերին Շորժա բնակավայրի հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը: Այնուհետ հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր է արձակել, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը: Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈւ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունումհարուցվել է քրեական գործ։