Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի (ԶՈւ) զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու, ՀՀ ԶՈւ զինծառայողի դիտավորյալ սպանություն կատարելու դեպքի առթիվ Սևանի կայազորի զինվորական դատախազությունումհարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի, 300.2-րդ հոդվածի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 13-րդ կետերի հատկանիշներով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնին:
Այդ մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
ՀՀ քննչական կոմիտեն էլ մանրամասնում է.
«2021թ.մայիսի 25-ին՝ ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն ունենալով` բռնության կոչեր են հնչեցրել ՀՀ պետական սահմանի Վերին Շորժա բնակավայրի հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈւ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը, որի ընթացքում դիտավորությամբ կրակահերթեր են արձակել ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ` 1989թ. ծնված Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը որովայնի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ էլ ժամը 15:20-ին արձանագրվել է նրա կենսաբանական մահը»:
Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ կրակահերթեր արձակելու ու դրա հետևանքով պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանի մահացու հրազենային վիրավորում ստանալու մասին այսօր երեկոյան հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: