«Էկել, հավաքվել ենք տեսնենք՝ էլ ինչ չարիք ա բերելու մեր գլխին», «Լուրեր ունենք, որ թշնամուն Տավուշի մարզից գյուղեր են հանձնելու, ստրատեգիական բարձունքներ, եկել ենք կանխենք: Եթե շատ մարդ հավաքվի՝ կկարողանանք կանխել». «Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասում էին ՀՀ կառավարության շենքի առջև այսօր երեկոյան հավաքված քաղաքացիները:
Նշենք, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք նոր փաստաթղթին, ինչի մասին այսօր կառավարության նիստում հաստատել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ ստորագրվելիք փաստաթուղթը 100%-ով համապատասխանում է ՀՀ ազգային շահերին, «Պատիվ ունեմ» դաշինքը (ձևավորվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ՝ մասնակցելու 2021 թվականի հունիս 20-ին նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրություններին) իրավիճակով մտահոգ բոլոր քաղաքացիներին հորդորել էր այսօր, 19:00-ին, հավաքվել կառավարության շենքի առջև:
«Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա չի կարող լինել քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ, չի կարող լինել՝ քանի դեռ ադրբեջանական զորքերը տեղակայված են Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մինչև մեր բոլոր գերիները չվերադառնան Հայաստան՝ որևէ գործընթաց սկսելը դավաճանական քայլ է»,-«Ռադիո Վան»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ընդգծելով, որ իրենք իշխանություններից պահանջում են ժողովրդի թիկունքում որևէ բանակցություն չիրականացնել, հրապարակի փաստաթղթի գաղտնի հավելվածները և հատ առ հատ ասել, թե ինչ է նախատեսվում:
«Սա հետևանք է 44-օրյա պատերազմի, Հայաստանը շարունակում է շարժվել դեպի անդունդ, սահմանային այս իրավիճակը, անվտանգային համակարգը, որը անհրաժեշտ էր առաջնահերթ վերակառուցել, չի արվել, ինչը փաստեց ադրբեջանցիների անարգել մուտքը ՀՀ պետական սահման: Եթե կան գործընթացներ՝ դելիմիտացիայի, դեմարկացիայի՝ այս իշխանությունները չպետք է իրականացնի, քանի որ նրա իրականացրած բոլոր գործողությունների արդյունքը եղել է ողբերգությունը»,-ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Հավաքի մանրամասները՝ տեսանյութում:
Հավելենք՝ «Պատիվ ունեմ» դաշինքը տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշել էր.
«Ադրբեջանական զորքերի անարգել ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք, նրանց դիրքավորումը, Հայաստանին ներկայացվող նոր պահանջները, ինչպես նաև՝ այսօր, կապիտուլյանտ իշխանության ղեկավարի հաստատումն այն մասին, որ Ադրբեջանի հետ բանակցություններում կա նոր փաստաթղթի նախագիծ, խորը մտահոգությունների տեղիք են տալիս:
Սա այն անհայրենիք իշխանությունն է, որը քողարկել է 2018 թվականի մայիսից ի վեր, արցախյան բանակցությունների իրական ընթացքը, երկիրը հասցրել արյունալի պատերազմի, հանգեցրել կործանարար պարտությանև հասարակությունից թաքուն ստորագրել նվաստացուցիչ հայտարարության տակ:
Սա այն անհայրենք իշխանությունն է, որը հրադադարի համաձայնությունից հետո Ադրբեջանին է զիջել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներից չբխող տարածքները՝ Կովսականի, Սանասարի հատվածում, ինչպես նաև՝ Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին թաղեր գյուղերը, ռազմավարական նշանակության Դիզափայտ լեռն ու հարակից բարձունքները:
Այս զիջումները անհայրենիք իշխանությունը տևական ժամանակ թաքցրել է հասարակությունից և ընդունել է միայն դրանց որոշ մանրամասների հայտնի դառնալուց հետո:
Այս հանգամանքը ցույց է տալիս, որ չկա որևէ երաշխիք, թե ներկայիս բանակցությունների ընթացքը, առավել ևս՝ օրակարգում գտնվող նախագիծը համապատասխանում են Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի կենսական շահերին:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը`
1. Պահանջում է անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:
2. Պահանջում է անհապաղ հրապարակել ամբողջական փաստաթղթի նախագիծը՝ իր բոլոր հավելվածներով:
3. Կոչ է անում հայաստանյան քաղաքական, հասարակական դաշտի բոլոր ուժերին և ներկայացուցիչներին, մեր երկրի իրավիճակով մտահոգ քաղաքացիներին՝ այսօր, ժամը 19.00-ին հավաքվելու կառավարության շենքի դիմաց ներկայացված դրույթները բավարարելու պահանջով:
4. Սույն պահանջները չկատարելու դեպքում Դաշինքը իրեն իրավունք է վերապահում բոլոր հասանելի միջոցներովպայքարելու անհայրենիք կապիտուլյանտնի ազգադավ քաղաքականության դեմ»:
Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան