Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությանը և այդ առնչությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակին։
Կառավարության լրատվության վարչությունը ներկայացրել է Փաշինյանի ելույթի սղագրությունը, որը ներկայացնում ենք ստորև․
«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։
Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի մայիսի 20-ի հերթական նիստի աշխատանքները:
Մինչ օրակարգին և դրա հաստատմանն անդրադառնալը, ուզում եմ խոսել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի և այդ կապակցությամբ Հայաստանի ներսում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Կարող եմ արձանագրել, որ օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արդեն բոլորիս հայտնի հատվածներում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում, փոփոխություն չի կրել՝ այն առումով, որ իրադրությունը, իհարկե, շարունակում է մնալ լարված՝ այն արձանագրումով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, մոտավորապես 500-600 հոգի, տարբեր հատվածներում:
Մեր Զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը:
Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջինը՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և երկրորդը՝ հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը:
Այս առումով կարող ենք արձանագրել, որ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, և դրա կարևոր վկայություններից է նաև այն, որ այսօր Կառավարության նիստում Արտաքին գործերի նախարարության տեղը թափուր է, որովհետև ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով: Եվ պիտի արձանագրեմ, որ այս պահի դրությամբ կատարված դիվանագիտական աշխատանքը համարում եմ արդյունավետ: Ընդ որում՝ ուզում եմ ընդգծել, որ ոչ միայն ԱԳՆ մեր գործընկերներն են դիվանագիտական աշխատանք տանում այդ ուղղությամբ, այլև Պաշտպանության նախարարությունը նույնպես դիվանագիտական աշխատանքներ տանում, մեր փոխվարչապետերը նույնպես դիվանագիտական աշխատանք են տանում: Համարում եմ հաջողված:
Ինչո՞ւ՝ որովհետև, ըստ էության, միջազգային մեր գործընկերների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները նույնական են, այն է՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Սա մի փաստ է, որն աշխատանքային մակարդակում արձանագրված է: Ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաև հրապարակային: Բայց, բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի գործողություններ, լծակներ և Հայաստանի Հանրապետությունում ունի անսպասելի, կամ, հիմա արդեն կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ, բառիս բուն իմաստով՝ դաշնակիցներ:
Ես Անվտանգության խորհրդի նախորդ նիստերից մեկում արձանագրեցի, որ ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը թերևս երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը: Եվ կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ընդ որում՝ այդ մարդկանց գործունեությունը նոր չէ, ես չգիտեմ, գուցե այս պրոբլեմն ամբողջ աշխարհում կա, բայց՝
• Այդ մարդիկ նախ 2020 թվականին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա՝ հրապարակային, բաց:
• Այդ մարդիկ հետագայում, վերջերս ազգային ժողովներում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը:
• Հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք և այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա: Եվ հերթական անգամ հյուսվում է Հայաստանի կառավարության կողմից գծագրվող դավադրությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
Շատ անհարգալից իրադրություն ունենք Հայաստանի Հանրապետության հանրության հանդեպ. համացանցում հրապարակվում է թուղթ, որի բովանդակության 90 տոկոսը ծածկված է, այսինքն՝ սևով փակած է: Եվ դա ներկայացվում է որպես ապացույց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրում է հակահայկական փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք: Պատկերացրեք՝ թուղթը հրապարակենք, ամբողջ բովանդակությունը ծածկված է, ասենք տեսեք ինչ ապացույց ունենք, որ հերթական հակահայ փաստաթուղթն է ստորագրվում: Եթե այդպես է, ընդհակառակը, դրա տողերը ոչ թե է պետք է թաքցվեն, այլ բացվեն, ներկայացվեն հանրությանը: Ինչո՞ւ եք թաքցնում։ Եվ, իհարկե, կրկին ասում եմ՝ այս գործողություններն այլ կերպ, քան Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, գործակալական ցանցի գործունեություն, ես, կներեք, չեմ կարող որակել: Չգիտեմ՝ դե յուրե ինչ ձևակերպում ունի, բայց իմ քաղաքական գնահատականն այդ է, և այլ կերպ լինել չի կարող:
Ընդ որում՝ պետք է վերլուծել, թե այդ աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում: Ես ինչքան վերլուծում եմ՝ միակ աղբյուրը, որտեղից կարող են ստանալ, Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, հասկանում եմ, որ այդ թղթերը նրանք ստանում են Ադրբեջանից:
Եվ ասեմ, որ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին: 100 տոկոսով, ոչ թե 99.9: Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթն ստորագրելու եմ: Որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին: Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ. աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն:
Հաջորդը. ուրեմն ադրբեջանական պրոպագանդիստական մեքենան հրապարակում է 2 ժամ տևած տեսանյութից 3 կամ 4 րոպե, ես գուցե րոպեի մեջ սխալվեմ, կամ 5 րոպեանոց մի հատված: Այդ նույն մարդիկ վերցնում են և հրապարակում են իրենց էջերում, ընդ որում՝ թաքցնելով, որ դրա սկզբնաղբյուրն ադրբեջանական աղբյուրներն են: Պատկերացնո՞ւմ եք՝ 2 ժամ գործողություն է տեղի ունեցել և այդ 2 ժամից 3 րոպեանոց մի կտոր հրապարակել, և սա այլ կերպ, քան թիկունքում իրականացվող քայքայիչ գործունեություն, ես չեմ կարող որակել: Եվ եթե մենք այստեղ մեր ժամանակների՝ 21-րդ դարի բերումով իրավական մեխանիզմներ չունենք, հանրությունը սրան պետք է արձագանքի, որովհետև սա, առաջին հերթին, անհարգալից է Հայաստանի Հանրապետության հանրության նպատմամբ: Որովհետև հակամարտությունները, հակադրությունները, ընդհանրապես ասենք, եթե մեր հայրենակիցները կամ ոմանք պատկերացնում են որպես կռիվ կինոյի սցենարով իրականացվող հերոսապատումներ, այդպես չի լինում երբեք, նույնիսկ ամենահաղթական պատերազմներում: Չի լինում երբեք:
Ուզում եմ անդրադառնալ այն հարցին, թե ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանական զինծառայողներն անցնեն հայ-ադրբեջանական սահմանը:
Նախ, ուզում եմ ասել, հարգելի գործընկերներ, որ պատերազմից հետո մեր երկրի արտաքին սահմանն երկարել է մի քանի հարյուր կիլոմետրով, և այն հատվածներում, որտեղ գործ ունենք, դրանք բարդ ռելիեֆով լեռնային հատվածներ են, որտեղ տարվա մեծ մասը լինում է ձյան տակ, և որտեղ ընդհանրապես որևէ ինժեներական աշխատանք իրականացնել հնարավոր չէ: Ինչպիսի՞ վիճակում է այսօր այդ հատվածներում սահմանը հայկական կողմից, ճշգրիտ նույն վիճակում է ադրբեջանական կողմից: Այստեղ ուրիշ խնդիր կա՝ որ նոյեմբերի 9-ի հայտարարության բովանդակության հետ այսօրվա իրավիճակը պետք է համադրենք: Որովհետև, այո, մեր գնահատմամբ, ադրբեջանական զորքերի շարժն ուղիղ հակասության մեջ է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետ: Եվ այստեղ նույնպես պետք է որոշակի դիրքորոշումներ արտահայտենք և դիվանագիտական աշխատանք իրականացնենք՝ սա արձանագրելու համար:
Շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը, առանց զինված դիմադրության դիմելու, դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Բոլոր այն մարդիկ, ովքեր գոնե մի քանի պարբերություն կարդացել են Հավաքական անվտանգութան պայմանագրի կազմակերպության պայմանագրերից, կիմանան, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հենց դրա համար է, որ ճգնաժամային իրավիճակները հաղթահարվեն առանց կրակելու: Դա կազմակերպություն չէ, որի շրջանակում պետք է կրակել և մյուսներին հրավիրել կրակելու: Դա կազմակերպություն է, որի մեխանիզմները պետք է կիրառվեն էսկալացիա թույլ չտալու և էսկալացիան քաղաքական-դիվանագիտական ճանապարհով կարգավորելու համար: Եվ հենց սա է Հավաքական անվտանգութան պայմանագրի կազմակերպության էությունը: Որովհետև, եթե ՀԱՊԿ շրջանակում սկսում են կրակոցները, մեծ հավանականությամբ, դա կարող է վերածվել տարածաշրջանային մեծ պատերազմի, եթե չասենք, որոշ սցենարների դեպքում, նույնիսկ ավելի լայնամասշտաբ պատերազմի:
Այս առումով շատ կարևոր է հասկանալ, թե, ի վերջո, որն էր ադրբեջանական կողմի գործողությունների նպատակը: Տարբերակներից մեկը, որի մասին խոսել ենք, պատերազմի հրահրումն էր, և մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքի վրա, որ այդ գործողությունն առնվազն Սյունիքի հատվածով իրականացվում է Սյունիքի մարզի և Հայաստանի Հանրապետության տարածքի ամենանեղ հատվածում, որը մոտավորապես 26 կմ լայնություն ունի: Եվ եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանալ, որը հետո շատ մեծ պրոբլեմների առաջ կարող էր մեզ կանգնեցնել: Այնպես որ, մեր մոտեցումը, որ մենք որոշել ենք, որ հարցը լուծենք մեր անվտանգային միջազգային մեխանիզմներով, համարում եմ ճիշտ, և այս պահի դրությամբ, համենայնդեպս, արդարացնում է իրեն։ Բայց քանի դեռ փաստը տեղի չի ունեցել, մենք չենք կարող ասել, որ հասել ենք այդ ճանապարհով մեր նպատակին:
Այս ներքին պրոցեսները դիտարկելով՝ չի կարելի բացառել նաև, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալը և գուցե նաև Հայաստանում գործող այդ պրոպագանդիստական, գործակալական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը:
Հարգելի գործընկերներ, ես խոսեցի ադրբեջանական պրոպագանդայի մասին, բայց մենք, ընդհանրապես, կարծում եմ, որ այս իրավիճակում պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, որովհետև պահը չափազանց պատասխանատու է։ Մենք հստակ արձանագրել ենք և շարունակում ենք արձանագրել, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունացումը:
Շատ է խոսվում դեմարկացիա, դելիմիտացիա, սահմանների ճշգրտման մասին, և հիմա էլ այս փաստով են փորձում հայ հանրությանը վախեցնել և ահաբեկել: Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը, ինչքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետև սահմանների ճշգրտումը, արձանագրումը և, ի վերջո, ինչ-որ փուլում դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևորագույն երաշխիք է: Բայց պետք է հասկանանք, որ դա պարզ գործընթաց չէ: Այսօր, օրինակ, հետխորհրդային երկրներից, ես չգիտեմ, համենայնդեպս, մեր տարածաշրջանում չկա երկիր, որն ավարտին է հասցրել դեմարկացիայի և դելիմիտացիայի պրոցեսը: Որպեսզի հանրությանը պարզ լինի, ես ուզում եմ պարզաբանել, թե ինչ է դելիմիտացիան, ինչ է դեմարկացիան: Դելիմիտացիան այն գործընթացն է, երբ սահմանները գծագրվում են քարտեզների վրա, համաձայնեցվում են քարտեզների համար, դեմարկացիան՝ արդեն տեղում ֆիքսում են, թե որոնք են, այսինքն՝ քարտեզում նշված կետը կոնկրետ տեղանքի որ կետին է համապատասխանում: Այսքան որ քննարկվում է GPS և այլն, այսինքն՝ GPS-ով ստուգվում է՝ արդյոք այս կետն այն կետն է, որը նշված է քարտեզի վրա:
Շատ կարևոր եմ համարում կրկին արձանագրել՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը մեր կառավարության առաջնահերթություններից է, որովհետև կոմունիացիաների բացումն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, նույնքան անհրաժեշտ է ՀայաստանիՀանրապետությանը: Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ սկսած 1992 թվականից՝ Հայաստանի նկատմամբ որդեգրվել է շրջափակման, այսինքն՝ կոմունիկացիաները փակելու քաղաքականություն: Այս փաստի բերումով մենք պետք է հասկանանք, որ այդ օրակարգը ձեռնտու է Հայաստանի Հանրապետությանը՝ կոմունիկացիաների բացման օրակարգը: Մյուս կողմից, մենք, ինչպես բազմիցս նշել եմ – գիտեք, ես չեմ կարծում, թե մենք պետք է ամեն օր այս մասին հայտարարենք, ասում եմ բոլոր ժամանակների համար - մենք «միջանցքային» տրամաբանությամբ հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու:
Ուզում եմ նաև ընդգծել հետևյալը՝ շատ կարևոր արձանագրում, որ միջազգային հանրությունը՝ ավելի ու ավելի ակտիվ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա ինչո՞վ է կարևոր։ Կարևոր է նրանով, որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Կարծում եմ՝ հիմա արդեն կարող ենք արձանագրել՝ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ, և այն դեռ պետք է կարգավորվի:
Ուզում եմ ընդգծել մեր կառավարության քաղաքական կամքը՝ այո, գնալ և կարգավորել հարցը: Ինչի՞ համար։ Որովհետև այս բոլոր, դժվար, ցավոտ, պրոբլեմատիկ հարցերի կարգավորումը մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառման և Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Սա հեշտ գործ չէ։ Սա չափազանց դժվար գործ է։ Այստեղ պետք է քաղաքական կամք, այստեղ պետք է նաև հարվածները վերցնելու ընդունակություն, այստեղ պետք է հանրության հետ բաց, ազնիվ, անկեղծ երկխոսություն, և մենք գնալու ենք այդ ճանապարհով:
Բայց ես ուզում եմ, որ մենք նաև իլյուզիաների չտրվենք: Այո, այսօր Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը, և իմ ասած այս երկարաժամկետ գործընթացի բնականոն մեկնարկի համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանի զինված ուժերը րոպե առաջ լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը:
Ընդհանուր առմամբ, իդեալում մեր պատկերացումը հետևյալն է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, հիմա առավելևս՝ տվյալ տեղամասում թե՜ Հայաստանի Հանրապետության, թե՜ Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն իրենց մշտական տեղակայման վայրեր և այդ հատվածներում, հետագայում նաև՝ ամբողջ սահմանին, սահմանի պահպանություն իրականացնեն սահմանապահ ծառայությունները, ինչի համար նրանք կոչված են:
Իհարկե, կրկին եմ ասում՝ իլյուզիաների չտրվենք, այսպիսի լուծման գնալը հեշտ չի լինելու, որովհետև դա ունի բազմաթիվ բարդություններ։ Բայց, այո, մենք այս ընթացքում, իմիջիայլոց, աընդհատ դա առաջարկել ենք և շարունակում ենք առաջարկել, որովհետև դա, ի վերջո, այն լուծումն է, որն իսկապես նշան կլինի տարածաշրջանի կայունության, երկարաժամկետ կայունության համար:
Այսքանը՝ որպես պարզաբանում վերջին օրերի գործընթացների վերաբերյալ։
Կրկին ուզում եմ մեր հանրությանը կոչ անել՝ չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին, և մենք հետևողական աշխատում ենք և աշխատելու ենք Հայաստանի ազգային և պետական շահերը պաշտպանելու, Արցախի շահերը պաշտպանելու և իմ ձևակերպած խնդիրների լուծմանը հասնելու համար:
Շնորհակալ եմ»:
Կառավարության նիստի մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք՝փաստաթղթի մասին բարձրաձայնել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ Ըստ նրա՝ փաստաթղթով «դիվանագիտորեն, գեղեցիկ ձևակերպումներով ձևակերպվում է նոր դեմարկացիան՝ Հայաստանի համար աղետալի հետևանքներով։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն (ՄԻՊ) այսօր հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ կառավարությունը պետք է հրապարակի փաստաթղթի բոլոր այն դրույթները, որոնք պատկերացում են տալիս՝ ինչի մասին է իրականում խոսքը։
Նշենք՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարել էր, որ Ռուսաստանը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում, սահմանին իրավիճակի կարգավորման հարցում առաջարկել է օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին և հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում այդ երկիրը կարող է մասնակցել որպես խորհրդատու կամ միջնորդ։
Լավրովի այս հայտարարությանը հետևեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված զգուշացումն այն մասին, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը՝ առանց անվտանգության գոտու ստեղծման, կդառնա նոր իրավախախտումների ու նոր լարվածության պատճառ։