Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը չի ներկայացել հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման նպատակով այսօր՝ ժամը 14։00-ին նախանշված բանակցություններին։
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ)։
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈւ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Նշենք՝ ՀՀ պաշտպանական գերատեսչությունն այսօր ավելի վաղ տարածած հաղորդագրությունում նշել էր, որ խնդրի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները դեռևս ընթացքի մեջ են, ու, որ ՀՀ ՊՆ-ն լիահույս է, որ դրանք կտան ցանկալի արդյունք, և ստեղծված իրադրությունը կհանգուցալուծվի խաղաղ ճանապարհով։
Միաժամանակ ընդգծվել էր՝ ողջամիտ ժամկետներում լուծման բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն իրավունք է վերապահում խնդիրը կարգավորել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։