ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չհերձելու պահանջը կհանվի - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չհերձելու պահանջը կհանվի

2021-05-13 19:49 , Политика, 971

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածներին չհերձելու պահանջը կհանվի

Կհանվի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը․ ՀՀ կառավարությունն այսօրվա չզեկուցվող հարցերի շրջանակում հավանություն է տվել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին։

Հիշեցնենք՝ նշյալ օրենքում 2020-ի ապրիլին կատարված փոփոխություններով արգելվել էր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում հերձում իրականացնել:

Այդ ժամանակ, որպես հիմնավորում, ՀՀ առողջապահության նախարարությունն ընդգծել էր, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ։

Իսկ այսօր հաստատված նախագծի հիմնավորման մեջ նշվում է, թե անհրաժեշտություն է առաջացել օրենքից հանել անձի մահվան դեպքում հերձում չիրականացնելու պահանջը, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզվել է, որ հերձման ժամանակ վարակվելուց հնարավոր է պաշտպանվել կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացմամբ։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէր, ինչը կարող էր հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէր դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտդարձավ համապատասխան օրենսդրական փոփոխությամբ սահմանել, որ ըստ բժշկական փաստաթղթերի,կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:

Սակայն վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված դատաբժշկական հերձումների արդյունքում պարզ դարձավ, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունը այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ, ինչի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել «Բնակչության բժշկական օգնության և սպասրկման մասին» օրենքից հանել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չիրականացնելու պահանջը»,-մասնավորապես, նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է առողջապահական գերատեսչությունը։

Հավելենք՝ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի մայիսի 13-ը, ժամը 11:00-ը, հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 4291 մարդ, կորոնավիրուսով հիվանդ 1050 մարդ էլ մահացել է այլ հիվանդությունների պատճառով։

Նշյալ ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է COVID-19-ի ընդհանուր 220217 դեպք, որոնցից 206752-ն` առողջացած։

Վերջին մեկ տարվա ընթացքում կատարված թեստավորումների թիվը 1 026 974 է։

Лента

Рекомендуем посмотреть