Առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել. ԱԺ-ն քննարկում է կառավարության նախագիծը - RadioVan.fm

Онлайн

Առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել. ԱԺ-ն քննարկում է կառավարության նախագիծը

2020-03-30 15:01 , Общество, 1253

Առաջարկվում է կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել. ԱԺ-ն քննարկում է կառավարության նախագիծը

ՀՀ կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում հերձում չիրականացնել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է, ըստ բժշկական փաստաթղթերի, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով անձի մահվան դեպքում չիրականացնել հերձում»,-նախագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորում է հեղինակը՝ ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը:

Ազգային ժողովի այսօր գումարված արտահերթ նիստում օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանը հիմնական զեկուցող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը նշեց, որ կարգավորումը վերաբերվում է այն դեպքերին, երբ հայտնի է վիրուսով վարակված լինելու փաստը:

«Ինչու՞ գնալ հերձման, ինչու՞ ռիսկի գործոնը բարձրացնել, եթե արդեն իսկ հայտնի է անձի մահվան պատճառը և եթե չկա օրենքով սահմանված որևէ հիմք, որը կտանի դատաբժշկական փորձաքննության»,-նշեց նա:

Առողջապահության փոխնախարարն անդրադարձավ նաև կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձին զմռսված դագաղով հուղարկավորելուն՝ նշելով, որ դրանք կնքվում են հատուկ նյութով, որպեսզի հարազատները այն քանդելու հնարավորություն չունենան:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում:

Հիշեցնենք՝ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդությունից պաշտոնական վերջին տվյալների համաձայն՝ մահացել է 3 մարդ, հիվանդությունը հաստատված է 482 անձի մոտ, առողջացածների թիվը 30 է:

Лента

Рекомендуем посмотреть