Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել կորոնավիրուսի դեմ - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

2021-04-29 18:45 , Политика, 1064

Փաշինյանը կառավարության անդամներին առաջարկել է առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստի մեկնարկին, անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, կառավարության անդամներին առաջարկել է պատվաստվել առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Մենք այսօր ունենք հետևյալ պատվաստանյութները՝ AstraZeneca, Sputnik-V և առաջիկայում պատրաստվում ենք ստանալ Չինաստանից պատվաստանյութ: Եկեք արձանագրենք հետևյալը. եթե որևէ պատվաստանյութ ներկայացնի որևէ վտանգ մեր քաղաքացիների առողջությանը, կյանքին, Հայաստանի կառավարությունն այդ պատվաստանյութն ուղղակի չի ընդունի: Մենք մեծ հարգանք ունենք բոլոր արտադրողների և գործընկերների նկատմամբ, բայց ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետն ու առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են «Աստրազենեկա» պատվաստանյութով, և ինչպես տեսնում եք՝ նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»,-նշել է վարչապետը՝ տեղեկացնելով, որ այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը, նրա գնահատմամբ, խայտառակ ցածր ցուցանիշ է:

«Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով՝ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական: Այնպես, որ սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը: Եթե հիմա մենք ասում ենք, որ 18 տարեկանից բարձր բոլորը կարող են պատվաստվել, եկեք ուրեմն պայմանավորվենք հետևյալը. նախ՝ մենք, հետո՝ մեր գերատեսչություններում աշխատող մեր գործընկերները: Իմիջայլոց, շատ շուտով ամբողջ աշխարհում որևէ ճամփորդության համար պատրադիր կլինի պատվաստումը: Եկեք արձանագրենք: Ես չգիտեմ, դա կլինի մի ամսից, թե մի շաբաթից, բայց որ մեկ-երկու ամսվա ընթացքում պարտադիր է, որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված որևէ անձի մուտք գործել իր տարածք, դա ակնհայտ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կրկին շեշտելով պետական բոլոր մարմիններում պատվաստման գործընթացը պատշաճ իրականացնելու անհրաժեշտությունն ու կարևորությունը:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ այսօր գրանցվել է 656 դրական նոր դեպք, այս պահին վարակված քաղաքացիների թիվը 3 257 է, որից ավելի քան 2000-ը գտնվում է հիվանդանոցներում:

«Երեկ, ցավոք, գրանցել ենք 16 մահ: Եվ մեծ ցավով պիտի նշեմ, որ մահվան դեպքերով արդեն հատել ենք 4000-ի սահմանը: Այսօր, կառավարության ջանքերի շնորհիվ, Հայաստանում հասանելի են պատվաստանյութները, ստեղծված են բոլոր անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն: Մի քանի օր է արդեն, կարելի է ասել, որ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Եվ մենք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելու ձևերը: Անկախ կցագրված վայրից, սիրելի քաղաքացիներ, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութը: Նշեմ, որ հաջորդ շաբաթվանից մենք կունենանք նաև շարժական թիմեր, որոնք տեղակայված կլինեն քաղաքի բավական բանուկ մասերում, և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին:

Պատվաստումների գործընթացը, իհարկե, առաջնահերթ ունի առողջապահական նշանակություն: Այն միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին և հաջորդական ալիքներին զսպելու և թույլ տալու, որպեսզի մենք ի վերջո այս թեման փակված համարենք: Եվ պատվաստումը 100 տոկոսով, բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, պաշտպանում են հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից: Ուզում եմ նշել, որ ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ կողմնակի ծանր ազդեցության, գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք COVID-ով վարակվելու և դրա հետևանքով առողջությանը ծանր և, ցավոք, նաև մահվան դեպքերով»,-ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատարը՝ խնդրելով ու հորդորելով գործընկերներին ակտիվ ներգրավվել պատվաստման գործընթացին՝ սեփական օրինակով ցույց տալու, որ դա լուծելու առաջնային կարևոր խնդիր է։

«Ես երեկ պատվաստվել եմ, պարոն Ավինյանը՝ ևս: Ինձ զգում եմ շատ լավ և հույս ունեմ, որ այս օրինակը վարակելի կլինի»,-ընդգծել է Անահիտ Ավանեսյանը։

Նշենք՝ երեկ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» պատվաստվել են կորոնավիրուսի համավարակի (Covid-19) դեմ՝ AstraZeneca պատվաստանյութով: Ավինյանի պատվաստումը տեղի է ունեցել «Հանրային դեմքերի իրազեկման շաբաթվա» ծրագրի շրջանակներում, որով քաղաքացիներին կոչ է արվում պատվաստվել և այդկերպ նպաստել վարակի տարածումը կանխելուն:

Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից։ Այդ օրը պատվաստումները սկսվել են Երևանում, ապրիլի 14-ից էլ՝ մարզերում։

Պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար՝ շաբաթվա բոլոր օրերին։

ՀՀ-ում ինչպես բոլոր, այնպես էլ COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են միայն կամավորության սկզբունքով:

Лента

Рекомендуем посмотреть