Ավինյանը և Ավանեսյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ով - RadioVan.fm

Онлайн

Ավինյանը և Ավանեսյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ով

2021-04-28 18:42 , Политика, 1075

Ավինյանը և Ավանեսյանը պատվաստվել են կորոնավիրուսի դեմ՝ AstraZeneca-ով

Ապրիլի 28-ին ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» պատվաստվել են կորոնավիրուսի համավարակի (Covid-19) դեմ՝ AstraZeneca պատվաստանյութով:

Պատվաստումից հետո լրագրողների հետ զրույցում Տիգրան Ավինյանը հորդորել է հանրությանը չտրվել տեղեկատվական մանիպուլյացիաներին ու կեղծ լուրերին և պատվաստմանը վերաբերվել որպես անհրաժեշտ միջոցառում՝ կանխելու համավարակը:

Կառավարության լրատվական վարչության փոխանցմամբ՝ նա նշել է, որ AstraZeneca-ով պատվաստվելը պայմանավորված է նրանով, որ այդ պատվաստանյութի շուրջ է տարածվում ամենից շատ ապատեղեկատվությունը:

Փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանի Հանրապետությունում պատվաստվելու համար բոլոր հնարավորությունները ներկայումս ստեղծված են: Այդ համատեքստում՝ Տիգրան Ավինյանը կարևորել է հանրային վերաբերմունքի փոփոխությունը պատվաստանյութերի հանդեպ՝ շեշտելով, որ վերջիններս էական ազդեցություն ունեն համավարակի կանխարգելման գործում:

Փոխվարչապետի պաշտոնակատարի պատվաստումը տեղի է ունեցել «Հանրային դեմքերի իրազեկման շաբաթվա» ծրագրի շրջանակներում, որով քաղաքացիներին կոչ է արվում պատվաստվել և այդկերպ նպաստել վարակի տարածումը կանխելուն:

AstraZeneca պատվաստանյութով պատվաստվել կարող են 18 և բարձր տարիքի բոլոր անձինք՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստվել ցանկացող քաղաքացին արդեն կարող է դիմել ցանկացած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո պատվաստվել։

Հիշեցնենք՝ ապրիլի 13-ից Երևանում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը, մարզերում էլ՝ ապրիլի 14-ից։

Պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում ռիսկի խմբում գտնվող անձանց համար՝ շաբաթվա բոլոր օրերին։

Лента

Рекомендуем посмотреть