Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), արձագանքելով Եվրոպայի խորհրդի (ԵԽ) մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակին, կոչ է անում հանձնակատարին լինել անաչառ, ինչպես պահանջում է իր մանդատը, և զերծ մնալ գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են վնասել Եվրոպայի խորհրդի հեղինակությանը:
Նշենք՝ Դունյա Միյատովիչը Իլհամ Ալիևին հղած նամակում Բաքվի, այսպես կոչված, «Ռազմական ավարի պուրակ»-ի բացումը անհանգստացնող և նվաստացուցիչ որակելով՝ կոչ է արել Բաքվի առաջնորդին առավելագույնս զգուշավորություն ցուցաբերել՝ չխթանելու ու չբազմապատկելու առանց այն էլ խորը դժգոհությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տուժած համայնքների միջև։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բաքվի դիվանագիտական գերատեսչությունն, ահա, ընդգծում է, որ Ալիևին 2021 թվականի ապրիլի 20-ին հասցեագրված նամակը կասկածի տակ է դնում Եվրոպայի խորհրդի հանձնակատարի անկախությունն ու անկողմնակալությունը և կարող է բացասաբար ազդել հանձնակատարի գրասենյակի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա։
«Ավելին, նամակը հակասում է հռչակված՝ «խաղաղության և հաշտեցման» վեհ նպատակին։ Այն հուսադրող է ռևանշիստական շրջանակների համար, որոնք հարվածի տակ են դնում տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների հաստատման փխրուն գործընթացը,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մեկնաբանությունում, որում նաև նշվում է, թե ԵԽ հանձնակատարը հետաքրքրություն է ցուցաբերում քաղաքականացված հարցերում՝ մոռանալով իր մանդատի մասին։
«Սա երկակի ստանդարտների ևս մի դրսևորում է և ընտրողական վերաբերմունք, որին Ադրբեջանը հաճախ է ենթարկվում ԵԽ-ի տարբեր մարմինների կողմից»,-շեշտել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։