Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը՝ համախմբել ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակելու հարցում - RadioVan.fm

Онлайн

Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը՝ համախմբել ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակելու հարցում

2021-04-26 18:51 , Политика, 888

Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը՝ համախմբել ջանքերը Մեծամորի ատոմակայանը փակելու հարցում

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) Չեռնոբիլի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում միջազգային հանրությանը կոչ է անում ջանքեր գործադրել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը փակելու ուղղությամբ:

Բաքուն պնդում է, թե ակտիվ սեյսմիկ գոտում գտնվող Մեծամորի ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը Չեռնոբիլում կիրառվել է 1976-1980 թվականներին։

«Հնացած տեխնոլոգիան և տեղակայումը Մեծամորը դարձնում են աշխարհի ամենավտանգավոր ատոմակայաններից մեկը: Չնայած այն հանգամանքին, որ տարբեր միջազգային կազմակերպություններ նախազգուշացնում էին այս օբյեկտի մասին՝ այն անվանելով «սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար», Հայաստանը դեռ շարունակում է շահագործել այն, թեև դրա շահագործման ժամկետն ավարտվել է»,-ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շեշտում է Բաքվի արտաքին դիվանագիտական գերատեսչությունը՝ հստակեցնելով, որ 2020 թ.-ին Եվրամիությունը կրկին կոչ է արել Հայաստանին փակել ատոմակայանը՝ նշելով, որ «այն չի կարող արդիականացվել այնպես, որ լիովին համապատասխանի միջազգայնորեն ընդունված միջուկային անվտանգության չափորոշիչներին։

«Հիշատակի այս օրը մենք կոչ ենք անում բոլոր համապատասխան միջազգային կազմակերպություններին, միջուկային անվտանգության և շրջակա միջավայրի հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության հաստատություններին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին՝ բարձրացնել հասարակության իրազեկվածությունը հնարավոր աղետի կանխարգելման վերաբերյալ և մոբիլիզացնել ջանքերը՝ Մեծամորի ատոմակայանը փակելու համար»,-ասվում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության հայտարարությունում։

Հիշեցենենք՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում 2020-ի հուլիսյան լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) սպառնացել էր հրթիռակոծել Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) անդրադառնալով այդ սպառնալիքներին՝ այն ահաբեկչության դրսևորում էր որակել։

Лента

Рекомендуем посмотреть