1991-ից դիվանագիտական հարաբերություններ հաստատած Հայաստանը և Լիտվան առ այսօր 23 փաստաթուղթ են ստորագրել․ տեղեկանք - RadioVan.fm

Онлайн

1991-ից դիվանագիտական հարաբերություններ հաստատած Հայաստանը և Լիտվան առ այսօր 23 փաստաթուղթ են ստորագրել․ տեղեկանք

2021-04-26 17:23 , Политика, 795

1991-ից դիվանագիտական հարաբերություններ հաստատած Հայաստանը և Լիտվան առ այսօր 23 փաստաթուղթ են ստորագրել․ տեղեկանք

«Միջպետական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-լիտվական հարաբերություններն աչքի են ընկել ընդգծված բարեկամական բնույթով և տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ:

Վերջին տարիներին Լիտվան հանդիսանում է Եվրոպական Միությունում, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը, և առկա է փոխշահավետ գործընկերային հարաբերությունները խորացնելու երկկողմ պատրաստակամություն»,-այդ մասին Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության միջպետական հարաբերությունների մասին համառոտ տեղեկանքը ներկայացնող հաղորդագրությունում նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Ըստ տեղեկանքի՝ Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1991թ. նոյեմբերի 21-ին:

Հայաստանի և Լիտվայի միջև ստորագրվել է 23 փաստաթուղթ:

2021թ. մարտի 15-ին Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմեն Մարտիրոսյանը:

2019թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոցկիենեն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին:

ԱԳՆ-ների միջև վերջին քաղաքական խորհրդակցությունները տեղի են ունեցել2018թ.-ին Վիլնյուսում՝ փոխնախարարների մակարդակով:

Երկու երկրներում գործում են միմյանց պատվո հյուպատոսություններ:

Հայաստանի և Լիտվայի միջև բարձր մակարդակով քաղաքական շփումները տեղի են ունեցել նախագահների, խորհրդարանների նախագահների և ԱԳ նախարարների մակարդակով:

Հայոց ցեղասպանություն

Լիտվայի խորհրդարանը 2005թ.-ին ընդունված բանաձևով միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Լիտվան համահեղինակել է 2013, 2015, 2018 և 2020թթ․ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ՀՀ կողմից նախաձեռնած «Ցեղասպանության կանխարգելում», ինչպես նաև 2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից ներկայացված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր» բանաձևերը:

Միջխորհրդարանական համագործակցություն

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր: 2021թ. փետրվարի 8-ին Լիտվայի խորհրդարանում ՀՀ հետ միջխորհրդարանական հարաբերությունների խումբը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին:

Հիշեցնենք` պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: Նրա գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: Գաբրիելյուս Լանդսբերգիսի՝ ապրիլի 25-27-ի հայաստանյան այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության:

Лента

Рекомендуем посмотреть