Մեկնարկել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան:
Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:
Կայացել է Հայաստանի և Լիտվայի արտգործնախարարներ Արա Այվազյանի և Գաբրիելյուս Լանդսբերգիսի համատեղ մամուլի ասուլիսը։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Երևանը, նշենք, Լիտվայի արտաքին գործերի նախարարի տարածաշրջանային այցերի առաջին հանգրվանն է։ Գաբրիելյուս Լանդսբերգիսի՝ ապրիլի 25-27-ի հայաստանյան այցը կամփոփվի Տավուշի մարզում խորհրդանշական ծառատունկով՝ ի նշանավորումն հայ-լիտվական բարեկամության: