ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը և Հանրապետության նախագահը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ:
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ՝ բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ: Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը:
Հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը այցելել են նաև Դավիթ Բեկ գյուղ:
Գյուղում հանդիպում է տեղի ունեցել Կապան համայնքի ղեկավարի, Դավիթ Բեկ և Կաղնուտ գյուղապետերի հետ:
Քննակվել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո համայնքում ստեղծված իրավիճակը:
ՄԻՊ աշխատակազմի փոխանցմամբ, մասնավորապես, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկով պայմանավորված` ավելի են սրվել սոցիալական խնդիրները. սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են հողատարածքներից կամ այն մշակելու հնարավորությունից, քանի որ հայտնվել է ադրբեջանական վերահսկողության տակ: Ավելին, կան մասնավոր հողատարածքներ, որոնք չնայած կադաստրային օրինական վկայականների` ադրբեջանական վերահսկողության ներքո են հայտնվել:
Մանրամասն քննարկվել են մարդկանց անհատական խնդիրները, որոնց մեծ մասը նախորդ այցերի ընթացքում արձանագրվել և արդեն իսկ պաշտոնական ընթացք են տրվել:
Համայնքի բնակիչները բարձրացրել են աշխատատեղերի բացակայության հարցը: Առաջարկվել է կարիքները գրավոր ձևակերպել` ՀՀ Նախագահի կամ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի իրավասության շրջանակում աջակցության նկատառումով»,-մանրամասնում են ՄԻՊ աշխատակազմից՝ հիշեցնելով, որ Դավիթ Բեկ գյուղի խաղաղ բնակիչները 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում տուժել են ադրբեջանական զինված ուժերի հարձակումներից. սպանվել էր մեկ խաղաղ բնակիչ, վիրավորումներ էին ստացել մի քանի անձինք»:
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը այցելել են նաև Խնածախ, որտեղ առաջնային հարցը գյուղի բնակիչների իրավունքների վերականգնումն է, որ ոտնահարվել են ադրբեջանական զինված ուժերի գյուղի անմիջական հարևանությամբ հայտնվելուց պատճառով:
Արձանագրվել է, որ այս գյուղի բնակիչները ևս անվտանգության խնդրի պատճառով չեն կարողանում օգտվել իրենց հողատարածներից ու այգիներից, չեն կարողանում օգտագործել արոտավայրերն ու խոտհարքները:
«Այս վիճակի պատճառով էլ մարդիկ զրկվում են իրենց ընտանիքի եկամտի աղբյուրից: Այսինքն՝ խախտված են նրանց սեփականության, տնտեսական գործունեության և կենսական կարևորության սոցիալ-տնտեսական այլ իրավունքներ:
Դրանից բացի, վտանգված են քաղաքացիական բնակիչների կյանքի, առողջության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության և միջազգայնորեն ճանաչված այլ իրավունքներ: Ստեղծված իրավիճակը խնդրահարույց է նաև երեխաների լավագույն շահերի, նրանց անվտանգության տեսանկյունից:
Խնածախում բնակիչների հետ քննարկվեցին նաև նրանց հուզող այլ հարցեր՝ կապված սահմանամերձ համայնք դառնալուց հետո գյուղի բնակիչների իրավունքներին, սոցիալ-տնտեական հարցերում պետության աջակցությանը, երեխաների իրավունքների հարցեր, մասնավորապես՝ կապված մանկապարտեզ և դպրոց երեխաների հաճախելու, նրանց կրթության հետ և այլն»,-մանրամասնում են ՄԻՊ աշխատակազմից:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ եռօրյա այցը Սյունիքի մարզ մեկնարկել է ապրիլի 19-ին։ Նախագահը համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ այցը երկար ժամանակ ծրագրված է եղել, բայց կորոնավիրուսով վարակվածության պատճառով՝ հետաձգվել է, իսկ այսօր այդտեղ է՝ իր աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում է։
Հավելենք՝ նախագահի և ՄԻՊ աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ: