Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ նախագահ Սարգսյանը Թաթոյանի հետ Սյունիքում է - RadioVan.fm

Онлайн

Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ նախագահ Սարգսյանը Թաթոյանի հետ Սյունիքում է

2021-04-20 15:24 , Политика, 832

Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ նախագահ Սարգսյանը Թաթոյանի հետ Սյունիքում է

«Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,-այդ մասին Գորիսի քաղաքապետարանում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ հանդիպմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հետ աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ այցը երկար ժամանակ ծրագրված էր, բայց կորոնավիրուսով վարակվածությունը ստիպել էր հետաձգել այն։

«Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։ Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները»,-հանդիպումից մանրամասներ է հայտնում նախագահի աշխատակազմը։

Նշենք՝ նախօրեին՝ ապրիլի 19-ին, ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնեց, որ մեկնարկել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի համատեղ եռօրյա այցը Սյունիքի մարզ: Նշվել էր, որ նրանց աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

Лента

Рекомендуем посмотреть