«Որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը»․ ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբ - RadioVan.fm

Онлайн

«Որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը»․ ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախումբ

2021-04-13 17:26 , Политика, 978

«Որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը»․ ՀՅԴ  Կանադայի Հայ դատի հանձնախումբ

«Կանադայի կառավարության կողմից նման որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը»,-այդ մասին ասված է Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարությունում, որում ընդգծվում է, որ Կանադան կասեցրել է թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը ՀՅԴ Հանձնախմբի ջանքերով։

«Ապրիլի 12-ին Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնեաուն հայտարարություն է տարածել, ըստ որի` ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կանադական տեխնոլոգիաների օգտագործման հետաքննության ավարտից հետո, կանադական կառավարությունը դադարեցնում է կանադական ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանումը Թուրքիա։

Կանադայի արտգործնախարարը փաստված է համարել Թուրքիայի կողմից կանադական տեխնոլոգիաների կիրառումը ղարաբաղյան պատերազմի ընթացքում և կասեցրել Թուրքիա ռազմական նշանակության արտադրանքի արտահանման գործող արտոնագրերը։ Մասնավորապես խոսքը գնում է «Բայրակթար» անօդաչուների տեղորոշման և տեսանկարահանման կանադական Wescam համակարգերի մասին, որոնք առանցքային նշանակություն ունեն անօդաչու սարքի համար։

Թուրքիային ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի հետ կապված հարցերը մշտապես եղել են ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթությունների շարքում։ Խնդիրը կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում սկսեց քննարկվել դեռևս 2019թ աշնանը, երբ կանադական կողմը, Հյուսիսային Սիրիա թուրքական ուժերի ներխուժմամբ պայմանավորված, կասեցրեց հատուկ նշանակության ռազմական արտադրանքի վաճառքը Թուրքիային։ Սակայն, Թուրքիան, վարձելով կանադական լոբբիստական կազմակերպությունների, 2020թ առաջին կեսին մոլորության մեջգցեց կանադական կառավարությանը՝ հավաստիացնելով, թե «Բայրակթար» անօդաչուների համար անհրաժեշտ կանադական համակարգերը չեն կիրառվելու հարվածային անօդաչուների պատրաստման ժամանակ, այլ բացառապես օգտագործվելու են Սիրիայում թուրքահպատակ բնակչության պաշտպանության համար։

Կանադայի կառավարության կողմից նման որոշման ընդունումը ռազմաքաղաքական ապտակ է թուրքական պետությանը։ Աշխարհում մեծ չէ այն պետությունների թիվը, որոնք Թուրքիայի նկատմամբ ռազմական արտադրանքի վաճառքի արգելք/կասեցում ունեն, բացի այդ Կանադան ՆԱՏՕ-ի առանցքային անդամներից է և Թուրքիայի համար ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման առաջնային շուկաներից մեկը։ Հատկանշական է, որ Թուրքիայի կողմից ձեռքբերված կանադական ռազմական արտադրանքի ճնշող մեծամասնությունը ներառում է հենց Wescam-ի արտադրանքը։ Այսպիսով, այս կասեցումից հետո, ռազմարդյունաբերության ոլորտում, գրեթե ի սպառ խզվում են թուրք-կանադական առևտրային հարաբերությունները։ Բացի այդ, կանադական հասարակական-քաղաքական շրջանակներում, խիստ դժգոհության առիթ է տվել այն հանգամանքը, որ, ըստ էության, Թուրքիան խաբեությամբ է ձեռք բերել կանադական առաջատար տեխնոլոգիաները։

Խիստ տարակուսելի է, որ Կանադայի արտգործնախարարության կողմից հրապարակված հետաքննության մեջ գրված է. «Կանադան դիմել է Հայաստանին` տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը կարող է օժանդակել «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման փաստին, սակայն Հայաստանի իշխանությունները նման տեղեկատվություն չեն տրամադրել», փաստորեն հետաքննության ընթացքում չօժանդակոլով կանադական իշխանություններին։

ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը շարունակելու է ջանքերը` հասնելու Թուրքիայի նկատմամբ Կանադայի կողմից ռազմական նշանակության ցանկացած արտադրանքի վաճառքի արգելքին»,-ասված է ՀՅԴ Կանադայի Հայ դատի հանձնախմբի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի օրերին՝ 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, Կանադան հայտարարեց Թուրքիա՝ ռազմական սարքավորումների մատակարարումը սառեցնելու մասին։ Որոշումը կայացրած երկրի արտգործնախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպանը խնդրի շուրջ տարածած հատուկ հայտարարությունում նշել էր.

«Վերջին օրերին որոշ մեղադրանքներ էին հնչում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կանադական տեխնոլոգիաներ են կիրառվում: Ես անհապաղ հանձնարարել եմ հետաքննություն սկսել` դրանց իսկությունը պարզելու համար: Եւ, հաշվի առնելով, որ բռնությունները շարունակվում են՝ սառեցրել եմ Թուրքիա արտահանելու արտոնագիրը, ինչը ժամանակ կտա ավելի մանրամասն քննել այդ հարցը»:

Հետաքննությանն արդյունքում, ահա, Կանադայի արտաքին գործերի նախարարը երեկ տարածած հայտարարությամբ հայտնեց, որ կասեցվում են դեպի Թուրքիա կանադական ռազմական տեխնոլոգիաների՝ 2020 թվականի աշնանը սառեցված թույլտվությունները։

Հավելենք՝ պատերազմի օրերին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայկական զինուժի խոցած Բայրաքթար» (Bayraktar TB2) մարտական անօդաչու թռչող սարքի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է, արտադրվել է հունիսին՝ կանադական ընկերության կողմից։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть