«Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանն էլ հայտարարում է՝ «Հարցը փակված է» - RadioVan.fm

Онлайн

«Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանն էլ հայտարարում է՝ «Հարցը փակված է»

2021-04-09 11:53 , Политика, 1179

«Գերիների վերադարձը կրկին հետաձգվում է», Ադրբեջանն էլ հայտարարում է՝ «Հարցը փակված է»

Երեկ երեկոյան ակնկալվում էր, որհայ ռազմագերիների նոր խումբ է վերադառնալու Հայաստան։ Տեղեկությունը հաստատել էին կառավարությունում Sputnik Արմենիայի աղբյուրները։

«Էրեբունի» օդանավակայանում հավաքվել էին գերիների ծնողներ, սակայն ավելի ուշ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Արմենպրեսին» հայտնել էին, որի գերիների հետ վերադարձը կրկին հետաձգվում է։

«Գերիների հետ վերադարձը, ցավոք, կրկին հետաձգվում է, քանի որ հակառակորդի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը ի կատար չի ածվում, ինչը հետպատերազմական մարդասիրական գործընթացի կոպիտ խախտում է։

Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, և հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը՝ այդպիսով նպաստելով տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- ասվում էր մեկնաբանությունում։

Մինչ Հայաստանում փորձում են հաղթահարել այս երկակի տրամադրությունները՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարՋեյհուն Բայրամովը հայտարարում է, որ ռազմագերիների փոխանցման հարցը լուծված և փակված է, ու, որ Արդրբեջանը, համաձայն եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, բոլոր ռազմագերիներին հանձնել է Հայաստանին:

«Մենք հայկական կողմին ենք փոխանցել 70-ից ավել ռազմագերի, Հայաստանը վերադարձրել է 12-ին։ Որպեսզի զինվորականնները համարվեն ռազմագերիներ՝ պետք է գերեվարվեն ռազմական գործողությունների ընթացքում»,-ադրբեջանական լրատվամիջոցի փոխանցմամբ ասել է Բայրամովը՝ շեշտելով, որ նոյեմբերի 9-ից հետո ձերբակալվածները ահաբեկիչներ են։

«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ այդ մարդիկ տեղակայվել են Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 26-ին: Գրեթե բոլորը Հայաստանի Շիրակի մարզից են: 62-ը բերման են ենթարկվել, նրանք հանցանք են գործել։ Այս մասին մենք տեղեկացրել ենք միջազգային կազմակերպություններին ՝ շեշտելով, որ այդ գործողությունները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար, և նշել ենք, որ այդ առումով լուրջ ճնշում է պետք գործադրել Հայաստանի վրա»,-ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նշենք՝ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակման գործընթացից հետո պաշտոնական Բաքուն մեկ անգամ չէ, որ հայտարարում է հայ գերիների հարցի լուծված լինելու մասին։ Թե՛ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, թե՛ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պնդում են, որ Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և, իսկ երկրում պահվող մնացյալ հայերը «ահաբեկիչներ ու դիվերսանտներ» են։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть