Բաքուն կրկին հայտարարում է՝ բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածները հանցագործներ են» - RadioVan.fm

Онлайн

Բաքուն կրկին հայտարարում է՝ բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածները հանցագործներ են»

2021-03-15 18:09 , Политика, 1532

Բաքուն կրկին հայտարարում է՝ բոլոր ռազմագերիներին հանձնել են Հայաստանին, «մնացածները հանցագործներ են»

Ադրբեջանը, եռակողմ պայմանավորվածության համաձայն, կատարում է իր պարտավորությունները և Հայաստանին վերադարձրել է բոլոր ռազմագերիների: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ համատեղ մամլո ասուլիսում։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը չեն համարվում ռազմագերիներ։

«Ես կցանկանայի մեկ անգամ ևս մեկնաբանել ռազմագերիների փոխանակման հարցը: Ադրբեջանական կողմը, եռակողմ հայտարարությանը համապատասխան, բոլոր ռազմագերիներին հակառակ կողմին է հանձնել: Եւ նրանց թիվը շատ ավելին է, քան Ադրբեջանին՝ Հայաստանի վերադարձրած ռազմագերիներինը։ Նշեմ, որ ներկայումս Ադրբեջանում պահվող հայերը չեն համարվում ռազմագերիներ: Սրանք անձինք են, ովքեր նոյեմբերի 26-ին ռազմական գործողությունների դադարեցումից հետո Հայաստանից ապօրինի կերպով ուղարկվել են Ադրբեջանի տարածք։ Նրանք հանցագործություններ են գործել՝ սպանելով ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական անձնակազմի: Ադրբեջանը նրանց նկատմամբ քննչական միջոցառումներ է ձեռնարկում»,-մասնավորապես ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ նման դեպքերի չկրկնման համար կարևորելով եռակողմն հայտարարության պահպանումը։

Հիշեցնենք՝ փետրվարին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր հայտարարել, թե Բաքուն վերադարձրել է հայազգի քաղաքացիներին, ովքեր գերեվարվել էին պատերազմի ընթացքում, և, որ այդ երկրում պահվում են միայն «ահաբեկիչներն ու դիվերսանտները»։ Ալիևի այս պնդումը Հայաստանում պաշտոնական արձագանք չի ստացել։

Մինչդեռ, Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանն օրեր առաջ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը պահում է Հայաստանի 100-ից ավելի քաղաքացիների։

2020 թվականի դեկտեմբերի 14-ին մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով վերջին տվյալներով Ադրբեջանից վերադարձվել է 69 գերի, 1 կին էլ՝ լիբանանահայ Մարալ Նաջարյանը վերադարձվել է Բեյրութ, մասնավորապես, տեղի պատկան մարմինների գործուն ջանքերի շնորհիվ։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть