Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը․ Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը․ Արցախի ԱԳՆ

2021-04-02 14:52 , Политика, 918

Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը․ Արցախի ԱԳՆ

Այսօր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցն է․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը խոշոր ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով` կիրառելով իր զինանոցում առկա ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Շուրջ 4 օր ընթացած լայնամասշտաբ մարտական գործողությունները, որում ձախողվում էր Ադրբեջանի՝ արագ ճեղքում ապահովելու մտադրությունները, դադարեցվեցին ապրիլի 5-ի կեսօրին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ ԳՇ պետերի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո։

Ապրիլյան պատերազմի 5-րդ տարելիցի առիթով հայտարարություն է տարածել Արցախի արտաքին գործերի նախարարությունը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․

«2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իրհարձակողական ողջ զինանոցը, լայնածավալ հարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:

Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվեցին բազմաթիվ պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններ, մասնավորապես՝ արձանագրվեցին հայ ռազմագերիների և խաղաղ բնակչության դաժան սպանությունների, խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի բազում դեպքեր:

Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ռազմական հանցագործությունների չդատապարտված լինելու հանգամանքը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակետը դարձավ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը՝ Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ:

Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականությունն ու մեր հերոսների սխրանքները հավերժ կմնան մեր պատմության և սերունդների հիշողության մեջ»:

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ, այդ թվում՝

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2։

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան ԳաբոյանԱրգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններումկորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Ի դեպ, Ապրիլյան քառօրյա պատերազմը ոչ միայն հուշերի տեսքով են ամբարվել հայրենիքի խաղաղության համար մարտնչող մեր զինվորների մտքերում, այլև՝ վավերագրվել են՝ հանձնվելով ընթերցողի դատին: Կապանի բրիգադում ծառայություն անցած Թադևոս Ծփնեցյանը, որը 2016-ի ապրիլի 2-ին տեղափոխվել է Արցախ՝ Ջաբրայիլի մարտական դիրքեր, հարյուրավոր հայորդիների հետ պայքար մղելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար, տեսածը, ապրածը գրի է առել և ամբողջացրել՝ «Մեռնող սլաքներ» վերանագրով փաստավավերագրական վեպում։

«Եթե այլ երկրի սահմանները քանոնով և մատիտով են գծված, մեր երկրի սահմանները ևս մեկ անգամ ամրագրվեցին ընկած տղաների արյունով, ինչը պարտավորեցնող է»,-2019-ի հոկտեմբերի 5-ին կայացած գրքի շնորհանդեսին արձանագրել էր ականատես-հեղինակը։

Лента

Рекомендуем посмотреть