«Մեր երկրի սահմանները ևս մեկ անգամ ամրագրվեցին ընկած տղաների արյունով, ինչը պարտավորեցնող է»․ Ապրիլյան պատերազմը վերապրած Թադևոսը վեպ է գրել - RadioVan.fm

Онлайн

«Մեր երկրի սահմանները ևս մեկ անգամ ամրագրվեցին ընկած տղաների արյունով, ինչը պարտավորեցնող է»․ Ապրիլյան պատերազմը վերապրած Թադևոսը վեպ է գրել  

2019-10-05 16:03 , КнигоМан, 3316

«Մեր երկրի սահմանները ևս մեկ անգամ ամրագրվեցին ընկած տղաների արյունով, ինչը պարտավորեցնող է»․ Ապրիլյան պատերազմը վերապրած Թադևոսը վեպ է գրել

Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող 23-ամյա Թադևոս Ծպնեցյանը չէր էլ պատկերացնի, որ բանակային տարիներին նոթատետրում գրի առած բանաստեղծական տողերը երբևէ կվերածվեն արձակի, այն էլ՝ փաստավավերագրական վեպի տեսքով․․․ծառայության տարիների հերթական գարունը, սակայն, բեկումնային եղավ սերժանտ Ծպնեցյանի համար։

Կապանի բրիգադում ծառայություն անցնող Թադևոսը 2016-ի ապրիլի 2-ին տեղափոխվեց Արցախ՝ Ջաբրայիլի մարտական դիրքեր, հարյուրավոր հայորդիների հետ պայքար մղելու հայրենիքի սահմանների պաշտպանության համար։

Տեսածը, ապրածը այնուհետ պետք է գրի առներ և ընկերոջ՝ Արթուր Գինոսյանի համակարգչում ի մի բերեր՝ «Մեռնող սլաքներ» վերանագրով փաստավավերագրական վեպի տեսքով։

«Եթե այլ երկրի սահմանները քանոնով և մատիտով են գծված, մեր երկրի սահմանները ևս մեկ անգամ ամրագրվեցին ընկած տղաների արյունով, ինչը պարտավորեցնող է»,-արձանագրում է հեղինակը՝ զերծ մնալով գրքի բովանդակության վերաբերյալ որևէ բան ասել, ասում է՝ թող ընթերցողը փակագծերը բացի։

Իսկ, այ, Արթուրը անկեղծանում է՝ ամեն իրիկուն, երբ Թադևոսը ավարտել է աշխատանքը ու քնել, ինքը էջ առ էջ կարդացել է համակարգչում շարադրվածը։

«Պահ է եղել ջղայնացել եմ ռազմական գաղտնիք հրապարակելու համար, պահ է եղել՝ հուզվել եմ՝ վերապրելով ծառայությանս առաջին օրերը, ապրիլը»,-նշում է Արթուրը, ում գնահատմամբ՝ գիրքն ուղղակի կարդալու համար չէ:

Մարինա Գևորգյանն, ահա, ուղղակի չի կարդացել ու, անգամ, վերնագրից ազդված՝ որոշել է ստանձնել վեպի խմբագրման աշխատանքը։

«Պարտքի ու պատասխանատվության զգացում էր հղկելու գիրքն այնպես, որ, կարծես, սիրտս դնեմ մեջը ու այդպես երախտապարտ լինեմ այն տղաներին, որոնք իրենց կյանքով հատուցեցին մերայսօրվա համար, որ ես նստեմ, խաղաղ սրտով աշխատեմ գրքի վրա,-«Ռադիո Վանի» հետ զրույցում նշում է խմբագիրը՝ նկատելով,-եթե նրանք չպահեին մեր սահմանը՝ ես կունենա՞յի արդյոք հնարավորություն հանգիստ գիշերով, առանց արկերի որոտ ու պայթյուն լսելու, նստել ու աշխատել»։

Վեպը խմբագրին ոչ միայն զինվորների առօրյային, հերոսների նախատիպերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռել, այլ նաև՝ բացահայտումների հիմք է հանդիսացել։

«Սովոր ենք լսել պաթետիկ, հայրենասիրական, ճոռոմ խոսքեր ապրիլյան հերոսների մասին, թե ինչպես հակառակորդը հարձակվեց, տղաները ինչպես դիմագրավեցին․․․Այն պատումները, ակնարկները, ներքին զրույցները, որոնք տեղ են գտել Թադևոսի գրքում, ցույց են տալիս՝ տղաները հանկարծակիի չեն եկել, ինչպես ներկայացվում է, վա՜յ խրամատում կանգնած էին, հանկարծ թշնամին հարձակվեց, տղաները հանկարծակիի եկան, նման բան չկա։

Կոտրվում է այն կարծրատիպը, որ հակառակորդը նախահարձակ եղավ, տղաները չիմացան ինչ անեն»,-նշում է զրուցակիցս՝ հավելելով՝ հեղինակը, առանց վախենալու, հռետորական հարց է բարձրացնում՝ ուստի ինչի՞ համար զոհվեցին տասնյակ հայորդիները։

«Հռետորական հարցը մնում է առկախ՝ ինչի համար էր էդ ամենը, ով թույլ տվեց, ում մատի շարժումով եղավ, ինչու պիտի այդպես լիներ, չէ՞ որ մենք մարտունակ ենք այնքան, մեր տղաները չեն երկնչում, չեն երկմտում։ Հեղինակը թողնում է հարցը առկախ՝ չբացելով ոչ մի փակագիծ, որպեսզի յուրաքանչյուրն ինքը գտնի պատասխան»,-ասում է Մարինա Գևորգյանը, ում գնահատմամբ՝ «Մեռնող սլաքները» պատանի ընթերցողի համար փոքրիկ հանրագիտարան է, թե ինչ է հերոսը՝ բառի մի քանի իմաստով։

«Հերոսը նա չէ միայն, որ զենքը ձեռքին խրամատում զոհվում է հանուն հայրենիքի, հերոսը այդ գաղափարը արյամբ, գենով, ուղեղով կրողն է, որն ուղնուծուծով ներծծված է այդ հայրենասիրությամբ, այդպես ապրում է ու այդ մղումով էլ գնում է նշանակետը՝ խաղաղ բարգավաճ հայրենիք, անդորր սահմանին»,-նշում է խմբագիրը։

Վեպի շնորհանդեսին դահլիճը բազմամարդ էր, հուզախառն․իրենց որդիներին ապրիլյան պատերազմում կորցրած ծնողներ, գրական աշխարհի ներկայացուցիչներ, դերասաններ, Թադևոսի ծառայակիցներն ու ընկերները, այն մարդիկ, որոնց աջակցությամբ էլ հրատարակվել ու ընթերցողին է հանձնվել Թադևոսի անդրանիկ աշխատությունը, ինչպես բնութագրեց ներկաներից դերասան Նիկոլայ Եղիազարյանը՝ «Առաջնեկը՝ տղա ու զինվորը»։

Շնորհանդեսի մանրամասները՝ տեսանյութում։

«Խաղաղության գինն անկշռելի է, հոտը` ընկածների արյան բույրը»,-գրքի դարձերեսին ամփոփում է հեղինակ։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկանքի՝ 2016 թվականի ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ, այդ թվում՝

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2։

Անհայտ կորած `

1 սպա` կապիտան ԳաբոյանԱրգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններումկորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть