Արցախի Ազգային ժողովում նախօրեին կայացած գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 22 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ,Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի (ԱՀ ՄԻՊ) պաշտոնում ընտրվել է ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի ղեկավար Գեղամ Գարիի Ստեփանյանին, որի թեկնածությունն առաջադրել էր «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը։
«ԱՀ ՄԻՊ պաշտոնում իմ թեկնածությունը համարում եմ ցուցաբերած բարձր վստահություն և ձեր կողմից ընտրվելու դեպքում ինձ վրա դրված մեծ պատասխանատվության և պարտավորության չափաբաժին, որը պատշաճ կերպով չիրականացնելու իրավունքը չունեմ»,-Արցախի ԱԺ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ քվերարկությունից առաջ ասել է ՄԻՊ թեկնածու Գեղամ Ստեփանյանը՝ նշելով, որ ընտրվելու պարագայում գործելու է երկու հիմնական ուղղությամբ՝ ԱՀ Սահմանադրությամբ և օրենքներով մարդու իրավունքների և ազատությունների պահպանման, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնումը և ՀՀ ՄԻՊ, սփյուռքահայ կառույցների և միջազգային կազմակերպությունների ու իրավապաշտպան կառույցների հետ համագործակցության:
Արցախի օմբուդսմենի պաշտոնը, հիշեցնենք, թափուր է 2020 թվականի դեկտեմբերի 22-ից, երբ այլ աշխատանքի տեղափոխմամբ պայմանավորված՝ Արտակ Բեգլարյանն այդ պաշտոնից հրաժարական ներկայացրեց։
2020 թվականի դեկտեմբերի 24-ից Արցախի նախագահի աշխատակազմը ղեկավարող Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Գեղամ Ստեփանյանի՝ Արցախի ՄԻՊ պաշտոնում ընտրվելու փաստին՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Այսօր ԱՀ Ազգային ժողովը Գեղամ Ստեփանյանի ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի բարձր դիրքում:
Ուրախ եմ այս դիպուկ ընտրության համար և շնորհավորում եմ մեզ՝ ժողովրդի բարձրաստիճան ծառաների շարքը Գեղամի նման խելացի, նվիրված ու արժեքահեն գործիչով համալրվելու առթիվ: Երբ պատերազմից բառացի օրեր առաջ Գեղամին նշանակել էի ՄԻՊ աշխատակազմի գործադիր քարտուղար, վստահ էի, որ չեմ զղջալու, և պատերազմական ու հետպատերազմյան ժամանակահատվածների մեր դժվարին ու համատեղ ճամփան վերահաստատեց իմ համոզմունքը: Թե այդ ժամանակ ինչեր ենք ապրել ու հասցրել մեր փոքրիկ թիմով՝ Արսեն Սառաջյանի ու Գուրգեն Ներսիսյանի հետ միասին, միայն մենք կիմանանք... Ուստի, անվարան կարող եմ պնդել, որ Գեղամը կշարունակի ՄԻՊ հաստատության հետագա զարգացման ընթացքը, իր ուրույն ու ոչ պակաս կարևոր ներդրումը կունենա այդ գործում՝ ՄԻՊ արհեստավարժ աշխատակազմի հետ միասին պատվախնդրորեն պաշտպանելով արցախցիների իրավունքները ներքին ու արտաքին հարթակներում: Թեև իմ հրաժարականից հետո շատերը ափսոսանք հայտնեցին, սակայն ժամանակն է ասելու, որ Գեղամն այն անձն է, ով ոչ միայն արդյունավետորեն կշարունակի կիսատ թողնված գործերը, այլ նաև կարող է ավելի բարձր հանգրվանների հասցնել ՄԻՊ հաստատությունը:
Գեղամին համարելով ոչ միայն լավ գործընկեր, այլ նաև նույն արժեքները դավանող ընկեր՝ լրիվ պատրաստակամություն եմ հայտնում իմ պաշտոնական ու անձնական հնարավորությունների սահմաններում առավելագույնս աջակցելու նրան իր կարևորագույն առաքելության կայացման հարցում՝ հանուն մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության ու պետականության ամրապնդման:
Դժվարին մարտահրավերների հաղթահարումը տրված է միայն նվիրյալներին. բարի՛ երթ, Գեղամ ջան»:
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Գեղամ Ստեփանյանին շնորհավորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․
«Արցախում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատութունը արցախահայության իրավունքների համար իրավական արդարացի պահանջատիրության խորհրդանիշ է, ժողովրդավարության ցուցիչ:
Չնայած ռազմական գործողությունների դադարին` ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության ագրեսիվ քաղաքականությունը և ցեղասպանության բացահայտ հռետորաբանությունը ստիպում են գործել գիտակցումով, որ պատերազմական վիճակը չի դադարել:
Ուստի, պետք է գործել չդադարող եռանդով` իրավունքների բոլոր խախտումների հետևողական արձանագրումները շարունակելու, Արցախում բնակվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը նպաստելու համար:
Այս պատերազմի ողջ ընթացքում պարոն Ստեփանյանի զօրուգիշեր պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ ներդրում էր ադրբեջանական զինված ուժերի էթնիկ զտումների, պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար փաստահավաք աշխատանքների հարցում:
Համոզված եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Գեղամ Ստեփանյանը իր աշխատակազմի կայացած, պրոֆեսիոնալ թիմով գործելու է հենց այս սկզբունքով:
Անձամբ իմ և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմի անունից հայտնում եմ ամբողջական պատրաստակամություն շարունակելու մեր համատեղ աշխատանքները՝ հանուն Արցախի ժողովրդավարության և յուրաքանչյուր բնակչի իրավունքների երաշխավորման»: