Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, նորի նշանակման գործընթացը շարունակվում է․ Կառավարությունն՝ ի հակադրություն Վարչական դատարանի որոշման - RadioVan.fm

Онлайн

Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, նորի նշանակման գործընթացը շարունակվում է․ Կառավարությունն՝ ի հակադրություն Վարչական դատարանի որոշման

2021-03-18 13:13 , Политика, 1239

Օնիկ Գասպարյանը ազատված է ԳՇ պետի պաշտոնից, նորի նշանակման գործընթացը շարունակվում է․ Կառավարությունն՝ ի հակադրություն Վարչական դատարանի որոշման

Վարչապետի աշխատակազմը պարզաբանում է տարածել ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով ընդունված հայցի ապահովման որոշման կապակցությամբ։

Նշենք՝ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանը ներկայացել է ԳՇ աշխատանքի։ Նրա փաստաբան Արթուր Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ընդգծել է, որ իր պաշտպանյալը պարտավոր էր ներկայանալ աշխատանքի, քանի որ ռազմական դրության պայմաններում հանրային ծառայողի՝ աշխատանքի չներկայանալը կարող է դիտվել որպես արարքը ծանրացնող հանգամանք։

Վարչական դատարանը, ընդգծենք, բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, ինչը նշանակում է, որ Օնիկ Գասպարյանը շարունակելու է պաշտոնավարել որպես Գլխավոր շտաբի պետ:

Դատարանի որոշման մեջ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, մասնավորապես, ասվում է․

«Ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է` մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը»:

Վարչապետի աշխատակազմն, ահա, պարզաբանում է․

«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը սահմանադրական նորմի հիմքով` իրավունքի ուժով ուժի մեջ մտած Հանրապետության նախագահի հրամանագրի հիման վրա, 10.03.2021թ-ին, ազատվել է զբաղեցրած պաշտոնից, ինչն արձանագրել է ՀՀ վարչապետը նույն օրը տարածված հայտարարությամբ։

Օնիկ Գասպարյանի կողմից ՀՀ վարչական դատարան է ներկայացվել նախ վիճարկման հայց՝ խնդրելով անվավեր ճանաչել նախագահի հրամանագիրը, որը հաստատվել էր 2021թ-ի մարտի 10-ի՝ վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ և ճանաչման հայց՝ նույն հրամանագիրն առ ոչինչ ճանաչելու պահանջով։

ՀՀ վարչական դատարանի կողմից, 15.03.2021թ.-ին, վերադարձվել է հայցը և առաջարկվել ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինել (վերադարձնելու որոշումը հավանաբար հայցվորին տրվել է առձեռն՝ նախապես տեղեկացնելով, քանի որ նույն օրը հայցվորը ներկայացրել է փոփոխված հայցը, նույն որոշումը առձեռն չի տրամադրվել պատասխանողին): Նույն օրը, ներկայացվել է փոխարինված հայցը` Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջի մասին, որն ընդունել է վարույթ: Ներկայացվել է նաև հայցի ապահովման միջնորդություն:

Դատարանի կողմից, 17.03.2021թ.-ին բավարարվել է հայցի ապահովման միջնորդությունը, որոշվել է` ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարման տեսքով, այն է՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը ճանաչել ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի՝ Հանրապետության նախագահին արված առաջարկության հիման վրա Հանրապետության նախագահի կողմից վարչական ակտ ընդունված չլինելու պայմաններում իրավունքի ուժով ԶՈՒ գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը:

Հարկ է նշել, որ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն համապատասխան ակտը, տվյալ դեպքում՝ ՀՀ նախագահի հրամանագիրն ուժի մեջ է իրավունքի ուժով: Սահմանադիրը նշված սահմանադրական նորմի ուժով ուժի մեջ մտած ակտի շրջադարձի հնարավորություն չի նախատեսել։ Հետևաբար, Օնիկ Գասպարյանը ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից, իսկ ՀՀ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ընթացակարգով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նոր պետի նշանակման գործընթացը շարունակվում է»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին պաշտոնից ազատելուց հետո՝ փետրվարի 25-ին, Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, իր վճռական բողոքը հայտնեց այդ առնչությամբ՝ տարածած հայտարարությամբ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը։ Ընդգծվեց, որ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»: Հայտարարությւոնը ստորագրած ԶՈւ բարձրաստիճան պաշտոնյաները համոզմունք էին հայտնել, որ «վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»:

Մարտի 10-ին Փաշինյանը հայտարարեց Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի (ԶՈւ ԳՇ) պաշտոնից ազատված համարելու մասին, որից հետո Օնիկ Գասպարյանը հանդես եկավ ուղերձով՝ տեղեկացնելով, որ դիմել է ՀՀ վարչական դատարան, քանի որ համարում է, որ ինչպես վարչապետի հայտարարությունը, այնպես էլ իրեն պաշտոնից ազատելու ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը, գեներալի գնահատմամբ՝ հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես Հանրապետության վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։

Հավելենք՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի համաձայն՝ ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть