«Այսօր ԱԺ-ում բացառիկ փաստաթղթեր հրապարակեցի, որոնք մեր երկրի միջազգային հեղինակությունը ոտնակոխ են անում: Ինչքան էլ անհավանական է, բայց ՀՀ դատախազության և ՀՔԾ ջանքերի շնորհիվ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային, ոչ թե տարածաշրջանային նշանակության քրեական արդարադատության ոլորտի ամենահեղինակավոր կազմակերպությունը՝ Միջազգային քրեական ոստիկանությունը, արձանագրեց, որ ՀՀ-ում կա քաղաքական հետապնդվող անձ, քաղաքական տերմինաբանությամբ՝ քաղաքական հալածյալ:
Սա շառաչուն ապտակ է ոչ միայն դատախազությանը, ՀՔԾ-ին, այլև՝ ՀՀ-ին` մեզ բոլորիս»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի (ԱԺ) անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Թովմասյանի հրապարակած փաստաթղթերի համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 10-ին «Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպություն»-ը՝ Ինտերպոլը, մերժել է նախկին գխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետախուզումը, մինչդեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտարարում էին, թե նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված։
Թագուհի Թովմասյանը, անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի բացահայտման առնչությամբ նշյալ մարմինների պնդումներին, ըստ որոնց՝ գործի բացահայտմանը խանգարում են երկրից բացակայող մի քանի մարդիկ, այդ թվում՝ այդ գործով որպես մեղադրյալ անցնող նախկին գխավոր դատախազը, ընդգծել է, որ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ կոչ անելով նշյալ անձի նկատմամբ չօգտագործել Ինտերպոլի խողովակները։
Ըստ պատգամավորի՝ կա երկրորդ փաստաթուղթ ևս, որով հորդորվում է Ինտերպոլի աշխարհի բոլոր ստորաբաժանումներին Գևորգ Կոստանյանի վերաբերյալ բոլոր տվյալները հանել բազայից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հավելենք՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Թագուհի Թովմասյանի հրապարակած փաստաթղթին, ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանն ասել է, թե «մի քանի գործով, գուցե, Ինտերպոլից ստացած լինեն, որ քաղաքական հետապնդում է, բայց թե ում մասով՝ չի կարող ասել»։ Նա, միաժամանակ ընդգծել է, որ, եթե տվյալ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա դրա մասին տեղեկություն պետք է տրամադրեր նախաքննող մարմինը, այլ ոչ թե ոստիկանությունը։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը