Ազգային ժողովի (ԱԺ) «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գայանե Աբրահամյանը, Թագուհի Թովմասյանը հայտնել են մանդատները վայր դնելու մասին։
«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված:
Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,-գրել է Գայանե Աբրահամյանը, ով մինչ պատերազմը արդեն հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին, սակայն, իրավիճակով պայմանավորված, որոշումը վերանայել էր։
«Մեր քաղաքական թիմը սխալը սխալի հետևից է անում։ Փոխանակ մեր սխալները գիտակցենք և շտկենք, իրավիճակը մեղմենք երկխոսությունով, փորձենք այդպես կայունացնել լարվածությունը մեր երկրում, հակառակը՝ պետության հիմքերը խարխլող քայլեր ենք անում»,-իր հերթին գրել է Թագուհի Թովմասյանը։
Մանդատը վայր դնելու հնարավոր որոշման մասին հայտնել է նաև «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լուսինե Բադալյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վերջին մղձավանջային օրերի ընթացքում հուսով էի , որ կարող ենք մի բան փոխել , ստեղծված իրավիճակում քաղել առավելագույնը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության` սառը դատողությամբ և միասնական ուժով, և դրա համար պատրաստ էի ամեն ինչ ներդնել, որովհետևերկիրը կանգնած է մեծ վտանգի առաջ ...որովհետև ներքին կայունությունն ամենակարևորն է։ ․․․ Եթե Իմ Քայլը հենց այս պահին անհապաղ գործուն քայլեր չի ձեռնարկում, ես վայր եմ դնում իմ մանդատը»։