ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարաություն է տարածել, որում հայտնում է.
«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր առ այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատուհաններից բացահայտ երևում են դիպուկահարներ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող հավաքի ուղղությամբ: Արձանագրվել են նաև նման հրապարակային անհանգստություններ:
Պաշտպանի աշխատակազմը դիտարկում է իրականացնում լրատվամիջոցներով և հավաքի վայրում, որտեղ առկա են նաև երեխաներ ու տարեցներ:
ՀՀ Ազգային ժողովի շենքի պատուհաններից հրազենի բացահայտ ցուցադրությունը, այդ թվում՝ զինվորական համազգեստով դիպուկահարների ցուցադրական ներկայությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է այս պահին Բաղրամյան պողոտայում առկա իրավիճակում:
Պետությունը կարող է անվտանգության միջոցներ ձեռնարկել, բայց դրանք յուրաքանչյուր դեպքում պետք է հաշվի առնեն կոնկրետ իրավիճակը և չպետք է լինեն այնպիսին, որ ստանան խաղաղ հավաքին մասնակցությունը կանխող կամ անհանգստություն պատճառող բնույթ»:
Նշենք` Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին պատաախանում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Ազգային ժողովի դիմաց` Բաղրամյան պողոտայում, ընթանում է ընդդիմության հանրահավաքը: