ՀՀ Ազգային ժողովում (ԱԺ) մեկնարկել է ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամը, որին, նշենք, բոյկոտի համաձայն, չի մասնակցում Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։
Ուշագրավ է, որ օրենսդիրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցերին պատասխանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ «Իսկանդեր»-ի վերաբերյալ վարչապետի հայտարարության մասին պարզաբանումների վերաբերյալ հարցին արձագանքեց Տիգրան Ավինյանը՝ նշելով, թե տվյալ հարցի շուրջ բոլոր հնարավոր պարզաբանումներն ու հայտարարությունները եղել են արդեն։
«Պարզաբանումները տրվել են վարչապետի մամուլի խոսնակի կողմից։ Կարծում եմ՝ այդտեղ որևէ ավելացնելու բան չկա: Ինչ վերաբերում է ռուսական կողմին՝ կառաջարկեմ ծանոթանալ ռուսական կողմի հայտարարությանը, որով ռուսական կողմը նույնպես հայտնում է, որ հարցը պարզաբանված է, և որևէ խնդիր չկա»,- նշեց փոխվարչապետը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մասին հարցին ևս պատասխանեց փոխվարչապետ Ավինյանը։
Պատգամավորը, հիշատակելով Զինված ուժերի գլխավոր շտաբի՝ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջի վերաբերյալ տարածած հայտարարությունը, որում ընդգծվել է, որ «վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում և, որ ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները», մասնավորապես, ՀՀ վարչապետից հետաքրքրվեց, թե «որպես գերագույն գլխավոր հրամանատար, որտեղ է նա հատել այն սահմանը, ինչքա՞ն անադեկվատ որոշումներ է կայացրել, որ Գլխավոր շտաբը և բանակի 40 գեներալներ որոշել են, որ նա պետք է հրաժարական տա»։
Հարցին պատասխանեց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ իրենց լիազորությունն է, թե ով կպատասխանի։
Նա բավականին խնդրահարույց համարեց զինվորականության հայտարարությունը՝ ընդգծելով, որ համաձայն ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի՝ նրանք քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան:
Անի Սամսոնյանն արձագանքելով՝ հայտարարեց, թե, միգուցե, Տիգրան Ավինյանը թաքուն և աննկատ վարչապետ դառնալու միտք ունի՝ դրա համա՞ր է ամբիոնի մոտ վարչապետի փոխարեն իր հարցին պատասխանում։
Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը՝ տեսանյութում։
Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը