Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի և ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի հետ:
Այդ մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքի հրապարակումից, որում նշվում է, որ «զրուցակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման, վերջին իրադարձություններով պայմանավորված լարվածության թուլացման ուղիների շուրջ, Շարժման ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու տեսակետները:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժում»-ը «խիստ մտահոգիչ» համարելով նախագահ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին հրապարակած դիրքորոշումը, արձանագրել էր, որ «երկրի ղեկավարը շրջանցում է Նիկոլ Փաշինյանի՝ համապատասխան որոշումը սահմանադրական դատարանում վիճարկելու հարցը»։ Շարժման ներկայացուցիչները պահանջել էին շտապ հանդիպում ՀՀ նախագահի հետ։