Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանի հետ:
Նախագահի գրասենյակից ընդգծում են, որ երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով Արմեն Սարգսյանը նախաձեռնում է քննարկումների շարք:
Հիշեցնենք՝ Զինված ուժերի գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը։
Փաշինյանը ԳՇ հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց՝ հայտնելով, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությամբ դիմել է նախագահին։ Նախագահականում ստացել են առաջարկությունը, սակայն համաձայն Սահմանադրության՝ նախագահը երեք օր ունի իր դիրքորոշումն արտահայտելու համար:
Նախագահի գրասենյակը տարածած հայտարարությամբ ընդգծելով, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ, անթույլատրելի է համարել նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ: