Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկությունը ստացել է ՀՀ զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի հայտարարությունից հետո:
Այդ մասին տեղեկացնում ենք նախագահի պաշտոնական կայքի հրապարակումից;
«Համաձայն ՀՀ Սահմանադրության, Հանրապետության նախագահն ունի եռօրյա ժամկետ իր դիրքորոշումն արտահայտելու համար: Նախագահը, ելնելով պետական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, մինչ օրս սկզբունքային առարկություններ չի ունեցել պաշտոնատար անձանց նշանակման և ազատման հարցում:
Սակայն, ռազմական դրության իրավիճակում, առկա ճգնաժամի պայմաններում, վերը նշված հայտարարությունից հետո, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
Ստեղծված իրավիճակում որևէ մեկը որևէ ձևով չպետք է փորձի նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ: Անթույլատրելի է նախագահի նկատմամբ ճնշման որևէ փորձ:
Հանրապետության նախագահը որևէ մեկի կամ որևէ քաղաքական ուժի կողմից չէ, երբևէ չի եղել և չի պատրաստվում լինել: Նախագահն իր գործառույթներն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես պետության ու ժողովրդի շահերով:
Նախագահ Սարգսյանը կարևորում է կայունությունն ու հանդուրժողականության մթնոլորտը երկրում և շարունակելու է ամեն ինչ անել այդ ուղղությամբ՝ համոզված լինելով, որ խնդիրները պետք է լուծվեն երկխոսության, և ոչ թե առճակատման միջոցով:
Նախագահն այս պահի առաջնահերթ խնդիրն է համարում երկրում առկա լարվածության թուլացումն ու իրավիճակի անցնցում հանգուցալուծումը, և նրա բոլոր գործողություններն ուղղված են դրան»,-ասված է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ պաշտոնից ազատվեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը։ Այսօր Գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն էլ Գլխավոր շտաբի հայտարարությունը «ռազմական հեղաշրջման փորձ» որակեց և իր կողմնակիցներին հրավիրեց Հանրապետության հրապարակ, որտեղ իր ելույթում համոզմունք հայտնեց, որ շատ գեներալներ և բարձրաստիճան սպաներ այդ հայտարարությունը ստորագրել են իրենցից ավելի բարձրաստիճան հրամանատարների հրամանի ներքո։ Թեև, նշենք, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի (ԶՈւ ԳՇ) տեղեկատվության բաժնի պետ Սամվել Ասատրյանը տարածած 2-րդ հայտարարությամբ վերահաստատեց ավելի վաղ հնչեցրած պահանջը՝ ընդգծելով, որ այսօր «առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ, դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»։
Ի դեպ՝ Փաշինյանն այսօր հանդես գալով ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ ընդգծեց, որ այսօր է որոշում կայացրել պաշտոնից ազատել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, ստորագրել է փաստաթուղթը, որին հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իր հրաժարականը:
Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով` Նիկոլ Փաշինյանն ասաց, թե զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ։
«Օնիկ Գասպարյանը, որին ես նշանակել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, որին ես շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, որին ես շնորհել եմ իմ միջնորդությամբ գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վերաբերվել, ճիշտ չեմ վարվել, որ 100 տոկոսով վստահությամբ եմ վերաբերվել: Օնիկ Գասպարյանը ինքը թող ուղղակի դիմում գրի և հրաժարական տա գնա։ Այս ժողովրդին պետք չի անընդհատ ցնցումների ենթարկել, Օնիկ ջան:
Հետևյալն է. Զինված ուժերը, նաև այն մարդիկ, ովքեր ստորագրել են հայտարարությունը, զբաղվում են Հայաստանի սահմանների, մեր հայրենիքի սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հեռանում է՝ կամ նախագահն է ստորագրում հրամանագիրը, կամ ինքն ուղղակի հայտարարում է իր հրաժարականի մասին, որովհետև ինքը չի կարող բանակը հանել ժողովրդի դեմ։ Ես թույլ չեմ տա դա: Եվ քաղաքական ուժերը գալիս են խորհրդակցությունների, պետք է խորհրդակցություններ անել»,-հայտարարեց Փաշինյանը: