Հայաստանն ու Ադրբեջանը, բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարություններից, այլ փաստաթուղթ ունե՞ն ստորագրված՝ առանց Ռուսաստանի միջնորդության․ այդ մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիրի անդամներից հետաքրքրվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ միաժամանակ հարցնելով, թե հայ-ադրբեջանական ի՞նչ հուշագրի մասին է խոսքը, որի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Արձագանքելով պատգամավորի հարցին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ, եթե պատասխանի, պետական գաղտնիքներ հանդիսացող տվյալների մասին պետք է խոսի։ Ուստի, նշելով, որ անվտանգությանն առնչվող նման հարցերը հանրայնորեն քննարկելու չեն, առավել մանրամասն տեղեկանալու համար առաջարկեց պատկան մարմինների ներկայացուցիչների հետ հավաքվել, հանձնաժողովների ձևաչափերով քննարկել հարցի բովանդակությունը։
«Պայմանագրի, հուշագրի բովանդակությունը կարող է գաղտնի լինել, սակայն ինքնին պայմանագրի փաստը գաղտնի լինել չի կարող,-արձագանքեց ընդդիմադիր պատգամավորը՝ պնդելով հարցը,-Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև առանց Ռուսաստանի միջնորդության կա՞ կնքված երրորդ փաստաթուղթ»։
Ավինյաննն արձագանքեց․
«Ես առանց Ռուսաստանի միջնորդության որևէ փաստաթղթի մասին տեղեկացված չեմ։ Եւ, բացի այդ հայտարարություններից, որոնք արվել են և փաստաթղթերից, որոնք ներկայացվել են, կա ևս մեկ պայմանավորվածություն՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածին վերաբերող, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը, դա կրկին միակ պայմանավորվածությունն է ինձ հայտնի»։
Հարց ու պատասխանը՝ տեսանյութում։
Նշենք՝ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նախօրեին՝ փետրվարի 9-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ գաղտնի հուշագիր է ստորագրել, որում Սյունիքի ճանապարհների վերաբերյալ 6 կետ է ամրագրված։