Այսօր՝ փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
Նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ գերիների փոխանակման գործընթացում ակտիվ դերակատարում ունենալու, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին աջակցելու համար և գոհունակությամբ նշել ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետությունը։
«Հանդիպման ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է փոխգործակցության մի շարք խնդիրների և այդ առնչությամբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարին ներկայացրել իր դիտարկումները։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման համար իրականացվող քայլերի շարունակականության անհրաժեշտությունը»,-ասված է տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Ռուստամ Մուրադովի անձնական հսկողության ներքո նախօրեին, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում, իրականացվել է գերիների հերթական փոխանակումը. Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը Բաքու է տեղափոխել գերության մեջ գտնվող մեկ բանտարկյալի և հինգ բանտարկյալ վերադարձել է Երևան: