Ադրբեջանի գործողությունները փորձ է՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին. Արցախի ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի գործողությունները փորձ է՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին. Արցախի ԱԳՆ

2020-12-14 23:15 , Политика, 1136

Ադրբեջանի գործողությունները փորձ է՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին. Արցախի ԱԳՆ

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

«2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ են ձեռնարկել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում Պաշտպանության բանակի վեց զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի ծանրության հրազենային վիրավորումներ: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ին Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերի ուղղությամբ:

Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերն անմիջապես տեղեկացվել են Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փաստերի մասին: Ռուսական խաղաղապահների միջամտության արդյունքում ռազմական գործողությունները դադարեցվել են, տեղակայվել են նաև խաղաղապահ ուժերի լրացուցիչ դիտակետեր՝ իրավիճակը շուրջօրյա դիտարկելու և հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու նպատակով:

Դեկտեմբերի 11-13-ը ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են: Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների չկատարումը, ծայրաստիճան արհամարհական վերաբերմունքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության համաձայնեցված ձևաչափի նկատմամբ, Բաքվի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման քաղաքական գործընթացի վերսկսման արհեստական ձգձգումը և ռազմական ուժի վրա հաշվարկը շարունակում են մնալ տարածաշրջանում սպառնալիքների հիմնական աղբյուրը և տևական ու ամուր խաղաղություն հաստատման համար խոչընդոտը:

Ադրբեջանի գործողությունները, որոնք ակնհայտորեն Բաքվի զավթողական քաղաքականության շարունակությունն են և փորձ՝ ընդլայնելու Արցախում օկուպացիայի գոտին, ինչպես նաև, ընդհանուր առմամբ, Արցախի զգալի մասի բռնազավթումն ու էթնիկ զտումները պետք է խստագույնս դատապարտվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և, ընդհանրապես՝ միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետությունը, իր կողմից, կշարունակի հետևողական ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև հանրապետության տարածքի դեօկուպացիային և նրա բնակչության՝ իրենց նախկին բնակության վայրեր վերադարձին հասնելու նպատակով»:

Նշենք՝ Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղեր այցից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար:

Лента

Рекомендуем посмотреть