Խնդիր է դրվել հանրության մտահոգություններին պաշտոնապես ինտենսիվ արձագանքել․ Փաշինյանը՝ Սևանը, Ջերմուկը, Սյունիքը Ադրբեջանին զիջելու մասին - RadioVan.fm

Онлайн

Խնդիր է դրվել հանրության մտահոգություններին պաշտոնապես ինտենսիվ արձագանքել․ Փաշինյանը՝ Սևանը, Ջերմուկը, Սյունիքը Ադրբեջանին զիջելու մասին

2020-12-14 16:35 , Политика, 978

Խնդիր է դրվել հանրության մտահոգություններին պաշտոնապես ինտենսիվ արձագանքել․ Փաշինյանը՝  Սևանը, Ջերմուկը, Սյունիքը Ադրբեջանին զիջելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ժողովրդին հղած ուղերձում հայտնել է, որ խնդիր է առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ և ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները:

«Եւ այս առումով ուզում եմ պարզապես ասել, որ կան իրավիճակներ, որոնք դեռ զարգացող են, և նրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը երբեմն հապաղում է մեկ պարզ պատճառով. իրադարձությունները զարգանում են, և քանի դեռ չկա իրադարձությունների արձանագրման որևէ իրավիճակ, պաշտոնապես հաղորդված տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա, և այս առումով շատ կարևոր է, որ հանրությունը ինքը նույնպես կարողանա տարբերակել ճիշտ տեղեկությունը սուտ տեղեկությունից: Սա ընդհանրապես ոչ միայն այսօրվա խնդիր է, այլև 21-րդ դարի ամենակարևոր խնդիրներից է:

Բայց, օրինակ, այս համատեքստում պետք է արձանագրել, որ կան տեղեկություններ, որոնց ստահոդ լինելը պիտի ակնհայտ լինի ի սկզբանե: Օրինակ, բանը հասել է այնտեղ, որ առանց ավելորդ բարդությունների լուրեր են դրվում շրջանառության մեջ, թե, ասենք, կառավարությունը Սևանը, կամ Ջերմուկը, կամ Սյունիքը զիջել է Ադրբեջանին: Սա իսկապես տեղեկատվական պատերազմ է, և այստեղ մենք հակազդեցության հստակ միջոցներ ենք ձեռնարկելու: Բայց, էլի եմ ասում, որևէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն:

Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ: Արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում մեր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը, և սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է: Լուրեր են դրվում շրջանառության մեջ մեր ընտանիքի իբր հարստությունների մասին, մինչդեռ բոլորդ պիտի իմանաք, որ բացի հրապարակված միջոցներից, մենք այլ միջոցների չենք տիրապետում»,-ընդգծել է նա:

Նշենք՝ ուղերձում ՀՀ վարչապետն անդրադառնալով Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտմանը՝ վստահեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել:

Лента

Рекомендуем посмотреть