Նախագահ Սարգսյանը ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հորդորում է հանրությանն անհապաղ ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը - RadioVan.fm

Онлайн

Նախագահ Սարգսյանը ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հորդորում է հանրությանն անհապաղ ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը

2020-12-13 14:24 , Политика, 1322

Նախագահ Սարգսյանը ՊՆ-ին ու ԱԳՆ-ին հորդորում է հանրությանն անհապաղ ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը

Հանրապետության նախագահը դիմում է Հայաստանի պաշտպանության (ՊՆ) և արտաքին գործերի նախարարություններին (ԱԳՆ)՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև Հին Թաղեր, Խծաբերդ բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Նախագահ Արմեն Սարգսյանի տարածած հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

«Սույն թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով նոյեմբերի 9-ին հայտարարված զինադադարը, գրավել են Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը և առաջացել դեպի նույն շրջանի Խծաբերդ գյուղի տարածք:

ՀՀ կառավարության համապատասխան գերատեսչությունները մինչ այս պահը պատշաճ կերպով հստակ չեն ներկայացրել իրավիճակը և հայկական կողմի իրականացրած գործողությունները։

Հաշվի առնելով իրադրությունը՝ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարություններին՝ անհապաղ հանրությանը ներկայացնել Արցախում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև նշված բնակավայրերի պաշտպանության և զինադադարի արդյունավետ պահպանման համար հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։

Միաժամանակ Հանրապետության նախագահը դիմում է ՀՀ ԱԺ-ին՝ շտապ գումարել ԱԺ արտահերթ նիստ, որը կքննի Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի պատճառները և լուծման ճանապարհները։

Բարձր գնահատելով ՌԴ նախագահի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ձեռք բերված զինադադարը և դրա պահպանումը՝ Հանրապետության նախագահը հիշեցնում է նաև, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ին ընդունած որոշմամբ ՀՀ-ն պարտավոր է հետևողականորեն սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը»:

Հիշեցնենք՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվության համաձայն՝ մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Միաժամանակ նշվել է, որ ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ, աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

Ի հավելումն տեղեկացվել է, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։

ՀՀ ԱԳՆ-ն էլ այսօր հանդես է եկել հակառակորդի «սադրիչ գործողությունները» դատապարտող հայտարարությամբ՝ ընդգծելով, որ դրանք նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

Ի դեպ՝ երեկ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով կատարվածին, հայտարարել է, թե ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին Ռուսաստանի խաղաղապահների արձագանքին: Ավելի ուշ նա հայտնել է, որ հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն:

Лента

Рекомендуем посмотреть