«Սադրիչ գործողությունները շարունակվել են այսօր՝ Հադրութի Մեծ ու Հին Շեների ուղղությամբ: Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում Արցախի տարածքների դեօկուպացիան». ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

«Սադրիչ գործողությունները շարունակվել են այսօր՝ Հադրութի Մեծ ու Հին Շեների ուղղությամբ: Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում Արցախի տարածքների դեօկուպացիան». ՀՀ ԱԳՆ

2020-12-13 14:21 , Политика, 1227

«Սադրիչ գործողությունները շարունակվել են այսօր՝ Հադրութի Մեծ ու Հին Շեների ուղղությամբ: Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում Արցախի տարածքների դեօկուպացիան». ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ: Այդ մասին այսօր տարածած հայտարարությամբ հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)՝ խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը: Ընդգծվում է՝ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

«Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, օգտվելով այն փաստից, որ Արցախի Հանրապետության տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների այս կոպտագույն խախտումը՝ ընդգծում ենք, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, տվյալ սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ:

Պաշտոնական Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:

Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին»:

Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս այսօր տարածած հայտարարությամբ խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը՝ ընդգծելով, որ Ստեղծված իրադրությունը որևէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հայտարարության առանցքային պահանջի՝ մարտական գործողությունների դադարեցման հետ և վտանգում է փխրուն խաղաղությունը, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիվ։

«Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն այս խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում։

Ավելացնենք, որ ինչպես երեկ ուշ երեկոյան, այնպես էլ այս պահին Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Իրադրության հետագա զարգացումների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,-նշել է պաշտպանական գերատեսչությունը տարածած հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть