ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի խոսնակը տարածած մեկնաբանությամբ նշել է, որ ողջունում են Ֆրանսիայի Ազգային ժողովի (ԱԺ)՝ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևը, որը հաջորդել է Սենատի՝ նախորդ շաբաթ ընդունած նույնանման բանաձևին։
«Ֆրանսիայի խորհրդարանի՝ թե՛ ստորին և թե՛ վերին պալատների այս միասնական դիրքորոշումը խորհրդանշում է Ֆրանսիայի և ֆրանսիացիների վճռական բողոքի ձայնն ընդդեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի ու ահաբեկիչ վարձկանների աջակցությամբ Արցախի ժողովրդի հանդեպ իրականացրած ագրեսիայի և էթնիկ զտման ու ցեղասպան նկրտումներ պարունակող քաղաքականության։
Կարևոր ենք համարում, որ բանաձևում արձանագրվում են նաև Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների և վարձկանների տեղակայման փաստերը։
Մենք կարևորում ենք միջազգային հանրության նման քայլերը՝ ի նպաստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական ու արդարացի լուծմանը և Արցախի՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված կարգավիճակի ճանաչմանը, ինչն այսօր դարձել է արցախահայության անվտանգության ապահովման գլխավոր հրամայականներից մեկը»,-ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակի տարածած մեկնաբանությունում։
Հայտնել էինք, որ Ֆրանսիայի Ազգային ժողովն երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։