Ֆրանսիայի Ազգային ժողովը (ԱԺ) նոյեմբերի 3-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է Արցախի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձևը։
«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը»,-մանրամասնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» խորհրդատվական բնույթ ունեցող բանաձև՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը։ Բանաձևը, որը ողջունվել էր Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների կողմից, քննադատվել էր Ադրբեջանի խորհրդարանի կողմից։ Ադրբեջանի խորհրդարանը, հայտարարելով, որ Ֆրանսիան վերջին օրերի իր դիրքորոշումներով և հայտարարություններով կասկածի տակ է դնում իր չեզոքությունը, կոչ էր արել երկրի կառավարությանը դիմել ԵԱՀԿ ղեկավարությանը՝ Ֆրանսիային Մինսկի խմբի համանախագահների կազմից հետ կանչելու կոչով։ Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Բաքվում Ֆրանսիայի դեսպանը, որի միջոցով բողոքի նոտա հղվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի բանաձևի պատճառով:
Այնուհետ պաշտոնական Փարիզը՝ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մակարդակով հայտարարեց, որ Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի «ինքնահռչակ հանրապետությունը»: