Բաքուն կկարողանա ապահովել Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական սրբությունների անվտանգությունը․ Ադրբեջանում ՌԴ դեսպանը վստահեցրել է - RadioVan.fm

Онлайн

Բաքուն կկարողանա ապահովել Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական սրբությունների անվտանգությունը․ Ադրբեջանում ՌԴ դեսպանը վստահեցրել է

2020-12-01 19:24 , Политика, 1119

Բաքուն կկարողանա ապահովել Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական սրբությունների անվտանգությունը․ Ադրբեջանում ՌԴ դեսպանը վստահեցրել է

Բաքուն կկարողանա ապահովել Ղարաբաղում իր վերահսկողության տակ անցած քրիստոնեական սրբությունների անվտանգությունը․ ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վստահեցրել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

Դիվանագետը, նշելով, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս խոսել է այդ հարցի շուրջ, օրինակ է բերել նոյեմբերի 23-ին Աղդամի մզկիթ կատարած այցի, նոյեմբերի 25-ին Քելբաջարի/Քարվաճառի շրջանի «ազատագրման» կապակցությամբ ժողովրդին հղած հեռուստատեսային ուղերձի ընթացքում Ալիևի արած հայտարարությունները, թե քրիստոնեական հուշարձանները հանդիսանում են Ադրբեջանի պատմական և մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջան պետության պաշտպանության ներքո:

Դեսպանն ընդգծել է, թե այդ՝ ամենաթարմ հայտարարություններին նախորդել է Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 14-ի հեռախոսազրույցը, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը երաշխավորել է եռակողմ հայտարարության համատեքստում իրենց հանձնվող տարածքներում քրիստոնեական սրբությունների անվտանգությունն ու բնականոն գործունեությունը։

«Համոզված եմ, որ գործնականում այդպես կլինի»,-հավաստիացրել է ռուս դիվանագետը՝ շեշտելով, որ իրենք Ադրբեջանը գիտեն որպես բազմազգ և բազմադավան պետություն, որտեղ հավասարապես ապահովված են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների և բազմաթիվ դավանանքների դավանողների իրավունքներն ու ազատությունները:

Գործակալությունը հիշեցնում է, որ, պայմանավորված տարածաշրջանում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին նոյեմբերի 9-ին Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարության, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղի մերձակա երեք շրջաններից վերջինը՝ Լաչինի (Քաշաթաղի) շրջանը։

Նշենք, Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությամբ ամրագրված ժամանակացույցի համաձայն, մինչ այս՝ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, թշնամուն է հանձնվել Աղդամի շրջանը, դեկտեմբերի 25-ից էլ՝ Քելբաջարի/Քարվաճառի շրջանը:

Հավելենք, որ ՏԱՍՍ լրատվական գործակալությանն ավելի վաղ տված հարցազրույցում Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր, այդ թվում՝ հայկական համայնքի համար։

Лента

Рекомендуем посмотреть