«Մենք երբեք չենք պայքարում հուշարձանների հետ»․ Բաքուն հայտարարել է Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու ու հայկական համայնքի համար հասանելի դարձնելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Մենք երբեք չենք պայքարում հուշարձանների հետ»․ Բաքուն հայտարարել է Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու ու հայկական համայնքի համար հասանելի դարձնելու մասին

2020-12-01 18:55 , Политика, 1220

«Մենք երբեք չենք պայքարում հուշարձանների հետ»․ Բաքուն հայտարարել է Արցախի պատմամշակութային հուշարձանները պահպանելու ու հայկական համայնքի համար  հասանելի դարձնելու մասին

Լեռնային Ղարաբաղում գտնվող պատմական և մշակութային հուշարձանները կպահպանվեն և հասանելի կլինեն բոլոր, այդ թվում՝ հայկական համայնքի համար։

Այդ մասին ՏԱՍՍ լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը:

«Մշակութային ժառանգության բոլոր հուշարձաններն՝ անկախ իրենց ծագումից, կրոնական պատկանելությունից, կպահպանվեն, կվերականգնվեն և կհանձնվեն բոլոր համայնքների շահագործմանը, որոնք կբնակվեն այնտեղ, այդ թվում՝ հայկական համայնքին»,-հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան՝ նշելով, թե իրենք հայ համայնքը համարում են իրենցը։

«Այսինքն, նրանք ադրբեջանական հասարակության ներկայացուցիչներ են, ուստի նրանց, ինչպես Բաքվի կենտրոնում, այնպես էլ՝ Ղարաբաղում, հնարավորություն կտվի գալ, աղոթել և դավանել իրենց կրոնը»,-ասել է Քերիմովը՝ հավելելով, թե, ինչո՞ւ պետք է ոչնչացնեն Ղարաբաղում քրիստոնեական ժառանգությունը, եթե այդ տարածքը իրենցն են համարում:

«Այսինքն, դատելով այս տրամաբանությունից, ապա Բաքվի կենտրոնում գտնվող հայկական եկեղեցին պետք է քանդվեր, ամբողջ տարածքում շատ հին քրիստոնեական եկեղեցիներ և վանքեր պետք է քանդվեին»,-արձագանքելով Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական հուշարձանների պահպանության առնչությամբ առկա մտահոգություններին՝ ասել է Քերիմովը՝ հիշեցնելով, որ իրենք շատ հին քրիստոնեական մշակութային հուշարձաններ, տաճարներ և եկեղեցիներ ունեն։

«Ես անկեղծ կասեմ՝ մենք երբեք չենք պայքարում հուշարձանների հետ»,-շեշտել է Ադրբեջանի մշակույթի նախարարը։

Հավելենք, որ ղարաբաղյան պատերազմի և հետպատերազմյան շրջանում ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Շուշի քաղաքում, բռնության են ենթարկվել հայկական պատմական հուշարձաններ, արձաններ։ Վանդալիզմի դրսևորումները հաճախ լուսանկարահանվել, տեսանկարահանվել են՝ տարածվելով ադրբեջանական սոցիալական հարթակներում։

Лента

Рекомендуем посмотреть