ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ մշտադիտարկման արդյունքում ֆիքսվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից տրված մամլո ասուլիսը։
«ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այդ ասուլիսի տեսագրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, ասուլիսի ընթացքում նրա կողմից ներկայացված հանգամանքները քրեադատավարական ընթացակարգով ստուգելու և իրավական գնահատական տալու հանձնարարությամբ»,-ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասնում է Գոռ Աբրահամյանը:
Նշենք՝ ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր «Հայելի» ակումբում հանդես է եկել ընդարձակ մամուլի ասուլիսով՝ բացելով մի շարք փակագծեր պատերազմի առաջին իսկ օրերին իր՝ Երևան վերադառնալու, վարչապետի տիկնոջը հրամանատարական կետից դուրս գալ խնդրելու, վարչապետի կողմից իր հաղորդագրությունը չկարդալու, իրեն չընդունելու, հետագա օրերին էլ կորոնավիրուսով վարակակիր լինելու հիմնավորմամբ Արցախ մեկնել թույլ չտալու, կամավորականների՝ պատերազմի առաջին իսկ օրերին փախուստի դիմելու և շատ այլ թեմաների վերաբերյալ։
Նշենք՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ասուլիսից հետո Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրել է, թե «ՊԲ նախկին հրամանատար, ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ վերահսկողական ծառայության արդեն նախկին պետի բացահայտումներից հետո Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոչ մի հիմնավորմամբ չի կարող մնալ և շարունակել պաշտոնավարել։
«Մնացածը կորոշեն քննչական խմբերի քննիչները և կտան քրեաիրավական գնահատական»,-հավելել է պատգամավորը։