«Ինձ զրկել են իմ պարտականությունների կատարումից, որը կարող էր դրական ազդել պատերազմի վրա». Գեներալ Մովսես Հակոբյանը մի շարք փակագծեր է բացում - RadioVan.fm

Онлайн

«Ինձ զրկել են իմ պարտականությունների կատարումից, որը կարող էր դրական ազդել պատերազմի վրա». Գեներալ Մովսես Հակոբյանը մի շարք փակագծեր է բացում

2020-11-19 17:55 , Политика, 1683

«Ինձ զրկել են իմ պարտականությունների կատարումից, որը կարող էր դրական ազդել պատերազմի վրա». Գեներալ Մովսես Հակոբյանը մի շարք փակագծեր է բացում

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն այսօր «Հայելի» ակումբում հանդես է եկել ընդարձակ մամուլի ասուլիսով։

Օրեր առաջ սեփական դիմումի համաձայն պաշտոնից ազատված գեներալը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը կա, սակայն այն չի համապատասխանում իր զեկուցագրին։ Նա նշել է, որ նախարարին խնդրել է փոխել հրամանը:

Նա հայտնել է, որ բանակից զորացրվելու որոշումը կայացրել է դեռ հոկտեմբերի 5-ին, սակայն զեկուցագիր չի գրել պատերազմական իրավիճակի պատճառով՝ իր որոշմամբ զինված ուժերին չվնասելու համար:

«Շարունակել եմ պատերազմի ընթացքում աջակցել բանակին՝ իմ խորհուրդներով, ինչպես նաև ոչ անմիջական՝ բայց միջնորդների միջոցով ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Որոշումս վերջնական կայացրել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի գիշերվա լայվից հետո, երբ կոչ արեց կռվող տղաներին վերադառնալ հրապարակ ու իր խոսքերով, վնգստացողներին դուրս մղել հրապարակից։ Այդ պահին ես կյանքի եմ կոչել իմ որոշումն ու զեկուցագիր եմ գրել բանակից զորացրվելու համար»,- ասել է Հակոբյանը՝ նշելով, որ նախկինում չի խոսել, քանի որ առանց թույլտվության զինվորականներն իրավունք չունեն հարցազրույցներ տալ, հայտարարություններ անել։

«Հիմա ինչո՞ւ եմ ուզում խոսել, քանի որ 44 օրվա ընթացքում սուտը քայքայել է մեր երկիրը և տարել ավելի խոր ճգնաժամի»,-ասել է գեներալը՝ բացելով մի շարք փակագծեր պատերազմի առաջին իսկ օրերին իր՝ Երևան վերադառնալու, վարչապետի տիկնոջը հրամանատարական կետից դուրս գալ խնդրելու, վարչապետի կողմից իր հաղորդագրությունը չկարդալու, իրեն չընդունելու, հետագա օրերին էլ կորոնավիրուսով վարակակիր լինելու հիմնավորմամբ Արցախ մեկնել թույլ չտալու, կամավորականների՝ պատերազմի առաջին իսկ օրերին փախուստի դիմելու և շատ այլ թեմաների վերաբերյալ։

Գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի մամլո ասուլիսի մանրամասները՝ «168․am»-ի տեսագրությունում։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նոյեմբերի 15-ին ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ՝ «հանուն արդարության» անդրադառնալով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին տարածված լուրերին՝ գրել էր, թե «միֆ է, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասնակցում էր ռազմական խորհրդի նիստերին և դրանացից մեկի ժամանակ միջադեպ է եղել գեներալ Մովսես Հակոբյանի հետ»:

«Իրականում Աննա Հակոբյանը պատերազմի ժամանակ Արցախում գտնվելու օրերին ներգրավված էր բացառապես թիկունքային աշխատանքներով: «Հայտնի միջադեպ»-ի մասին խոսակցություններին մեկ անգամ արդեն առիթ եմ ունեցել անդրադառնալու՝ չբարձրաձայնելով իրականությունը, ինչը պատերազմի օրերին անթույլատրելի էր: Մովսես Հակոբյանի Արցախից առժամանակ բացակայելու փաստը ոչ թե որևէ խոսակցության, այլ կորոնավիրուսային հիվանդության և դրան հետևած թոքաբորբի պատճառով էր: Այս համատեքստից դուրս մնացած խոսակցություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»,-գրել էր նա։

Лента

Рекомендуем посмотреть