Հաշվի առնելով Վիեննայում ստեղծված իրավիճակը և հակաահաբեկչական գործողությունները, Ավստրիայում ՀՀ դեսպանությունը տեղի հայերին խնդրում է լինել առավել զգոն և խուսափել անհարկի տեղաշարժերից՝ հետևելով իշխանությունների ցուցումներին:
«Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք կապ հաստատել դեսպանության հետ հետևյալ հեռախոսահամարով՝
00 43 (0) 1 522 74 79 105»,-ասված է Ավստրիայում ՀՀ դեսպանության տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք՝ երեկ Վիեննայի կենտրոնում անհայտ անձանց խումբը կրակոցներ է արձակել, հարձակման օբյեկտներից մեկը եղել է սինագոգը։ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը տեղի ունեցածը, որի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ահաբեկչություն է որակել։
«Ռիա նովոստին» գործակալության հաղորդմամբ՝ ջիհադիստները հայտարարել են Վիեննայում հարձակմանը մասնակցություն ունենալու մասին։ Նշվում է, որ միջադեպը դարձել է «հատուցման մի մասը» Ավստրիայի`«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) ղեկավարած կոալիցիային մասնակցելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Եվրոպայի կողքին է, և անմեղ մարդկանց դեմ այս հրեշավոր հարձակումները պետք է դադարեցվեն։։