Արցախի նախագահը պարգևատրել է սիրիացի ահաբեկչին գերեվարած և թուրք 20 հատուկ ջոկատայինի վերացրած ազատամարտիկներին - RadioVan.fm

Онлайн

Արցախի նախագահը պարգևատրել է սիրիացի ահաբեկչին գերեվարած և թուրք 20 հատուկ ջոկատայինի վերացրած ազատամարտիկներին

2020-11-02 14:22 , Политика, 1537

Արցախի նախագահը պարգևատրել է սիրիացի ահաբեկչին գերեվարած և թուրք 20 հատուկ ջոկատայինի վերացրած ազատամարտիկներին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

Նշենք՝ Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին, երեկ գերեվարել էր հերթական սիրիացի վարձկան Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջիին, որը պատմել է, որ իրեն խոստացել են ամսական $2000 աշխատավարձ Արցախում «անհավատների» դեմ կռվելու համար և լրացուցիչ $100 «պարգևավճար» յուրաքանչյուր գլխատված անհավատի համար։

Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատի տղաները՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում օրերս մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին: Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Արցախի նախագահի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ հրամանատարն ասել է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել:

«Հայոց պատմության այս կարևորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, նրանց դերակատարությունն անգնահատելի է, ինչպես և եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում:

Հայրենի հողի փրկության համար նրանց գործած սխրանքների մասին խոսելու դեռ շատ առիթներ կունենանք, բայց հընթացս պարտավոր ենք հանդիպել, քննարկել իրավիճակը և պարգևատրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ հրապարակելով նաև վերոնշյալ ջոկատների ազատամարտիկների հետ հանդիպման և պարգևատրման տեսանյութը:

Նշենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե, իբր, թիրախավորել են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: «Որևէ շարասյուն չեն խոցել, դա թշնամու վառ երևակայության արդյունքն է»,-նախօրեին հայտարարել էր Հարությունյանի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Այսօր ավելի վաղ էլ նա հայտնել էր, որ Արցախի նախագահը ժամեր առաջ հանդիպել է Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների տղաների հետ, և հանդիպման տեսագրությունը քիչ հետո հասանելի կլինի նախագահի ֆեյսբուքյան էջում:

Лента

Рекомендуем посмотреть