Երեկ Ֆրանսիայի Լիոն քաղաքում խաղաղ ցույցի ժամանակ թուրքի մուրճի հարվածից վիրավորված 23-ամյա երիտասարդի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիրահատության կարիք կա։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։
«Քիչ առաջ հեռախոսով խոսեցի Ֆրանսիայում ի աջակցություն Արցախի տեղի ունեցած քայլերթի ժամանակ թուրք հանցագործի մուրճի հարվածից գլխի հատվածում վիրավորում ստացած երիտասարդի քրոջ հետ:
Գևորգը դեռ գտնվում է հիվանդանոցում, վիրահատության կարիք կա, բայց, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Շուտափույթ ապաքինում մաղթեցի Գևորգին ու շնորհակալություն հայտնեցի, որ մեր հայրենակիցները եվրոպական քաղաքներում շարունակում են համայն աշխարհին ահազանգել Արցախի և Հայաստանի դեմ դուրս եկած ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքի մասին: Այսօր էլ առավոտյան Ֆրանսիայի Նիցցա քաղաքում դանակով զինված մի մոլեռանդ հարձակվել է եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Եվ դա տեղի է ունենում Փարիզում ուսուցչի գլխատումից 13 օր անց: Ցավում եմ, որ Ֆրանսիայի մեր բարեկամ ժողովրդին նորից ցավ են պատճառում: Եթե ժողովրդավարության առաջնորդները ի զորու չլինեն սաստել ահաբեկչական մեթոդներով գործող պետություններին, ապա այդ պետություններից դուրս եկող քաղաքացիներն իրենց անհանդուրժող, ծայրահեղական ու հանցագործ վարքով խաթարելու են մարդկանց հավատն առ ազատությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքը ու այս պարագայում ոչ մեկ՝ անկախ ազգությունից ու բնակությունից, չի կարող մտածել, որ հանգիստ ու խաղաղ կյանք կարող է ունենալ: Մենք պե՛տք է միասին գործենք»,-գրել է Լենա Նազարյանը։
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 28-ին, երբ հայերն ընդդեմ Արցախի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և հանուն Արցախի ճանաչման փակել էին Լիոնի՝ դեպի Վալանս տանող ճանապարհը, մի քանի թուրքեր մուրճերով, մահակներով հարձակվել էին ճանապարհը փակած ու խաղաղ ցույց անող հայերի վրա։ Հաղորդվել է մոտ 10 հայի, այդ թվում՝ կնոջ և երեխայի վիրավորման մասին, իսկ մուրճի հարված ստացած 23-ամյա երիտասարդը ծանր վիճակում տեղափոխվել էր Վիենի հիվանդանոց։
Անցնող գիշեր թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում սպառնալիքներ է հնչեցրել հայերի հասցեին: «Ուր եք, հայեր» բղավոցներով և ատելության խոսքով նրանք փորձել են թիրախավորել հայկական խանութներն ու սրճարանները, հարձակվել են ոստիկանության աշխատակիցների վրա, սադրիչ գործողություններ կատարել: