Առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ, 08:03-ին լսվել է հրթիռի հերթական հարվածի ձայնը:
Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հաղորդմամբ՝ մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:
Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:
Նշենք՝ երեկ ողջ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում լարված իրադրություն էր: Հակառակորդը ռմբակոծել էր ոչ միայն Շուշին, այլև Ստեփանակերտը` թիրախավորելով հանրապետական հիվանդանոցն ու ծննդատունը: Նշվել էր, որ, նախնական, տվյալով, մայրաքաղաքում վնասները միայն նյութական են, իսկ Շուշիում, ինչպես հայտնի է, մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, մի քանիսն էլ վիրավորվել են:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ Շուշիում իրենց մասնագիտական պարտքը կատարելիս էլ երեք փրկարարներ են տուժել: Նրանցից մեկը վիրահատվել է, մյուսի վիճակը կայուն ծանր է: Փրկարարներից մեկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Երեկվա ռմբակոծություններից հետո՝ կեսգիշերն անց` ժամը 2:20-ի սահմաններում, Ստեփանակերտը կրկին հրթիռակոծության թիրախ է դարձել. ադրբեջանական կողմը Արցախի մայրաքաղաքի ուղղությամբ 5 հրթիռ է արձակել։ Հաղորդվել էր, որ, նախնական տվյալներով, տուժածներ և ավերածություններ չկան: