Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիայի ակտի գործողությունները սկսվել են հուլիսի 29-ից․ ՀՀ-ն քննարկում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիայի ակտի գործողությունները սկսվել են հուլիսի 29-ից․ ՀՀ-ն քննարկում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը

2020-10-27 17:10 , Право, 968

Ադրբեջան-Թուրքիա ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիայի ակտի գործողությունները սկսվել են հուլիսի 29-ից․ ՀՀ-ն քննարկում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը

Ադրբեջանի ռազմաքաղական ղեկավարությունը՝ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և այլ բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ընդհանուր հրամանատարությամբ, Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել և իրականացրել են ագրեսիայի ակտ, որի գործողությունները սկսել են հուլիսի 29-ից, երբ Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ էին իրականացնում, որոնք տևել էին մինչև օգոստոսի 10-ը։

Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայով ասուլիսում հայտնել է Քննչական կոմիտեի (ՔԿ) քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը:

Նրա խոսքով՝ հուլիսյան դեպքերից հետո, չհասնելով ռազմական որևէ հաջողության և կրելով մեծ կորուստներ, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին ծրագրել և իրականացրել են ագրեսիայի ակտ:

Նրա խոսքով՝ փաստական տվյալների համաձայն, զորավարժություններից հետո Թուրքիայի մեծաթիվ զինվորականներ, նաև բարձրաստիճան սպաներ, շարունակել են մնալ Ադրբեջանում՝ համատեղ կազմակերպելով Ադրբեջանի զինված ուժերի համակարգումը և տեղերում շարունակելով իրականացնել մարտական պատրաստության աշխատանքները։ Մինչև բուն ռազմական գործողություններ սկսելը սեպտեմբերի սկզբներին ԶՈւ ծառայողներին կոնկրետ հրաման է տրվել պատրաստվել պատերազմի Արցախի Հանրապետության դեմ։

«Սեպտեմբերի կեսերից արդեն Ադրբեջանում կազմակերպվել և իրականացվել է մեծամասշտաբ զորահավաք։ Կարևոր է փաստել, որ Թուրքիայից ժամանած բարձրաստիճան զինվորականները զորամասերում անձամբ են իրականացրել և համակարգել մարտական պատրաստության դասընթացները»,-նշել է ՔԿ պաշտոնյան։

ՔԿ քրեագիտական վարչության պետի փոխանցմամբ՝ Թուրքիայից Վրաստան-Ադրբեջան օդուղով Ադրբեջան են տեղափոխվել շուրջ 1000 թուրք զինծառայողներ, սեպտեմբերի 28-ին ձեռք բերվել տվյալներ այլ երկրներից բերված իսլամիտ գրոհայինների ու ռազմական գործողություններում ներգրավածության վերաբերյալ, տվյալներ են ձեռք բերվել ՊԲ պահպանության գոտու լեռնային հատվածներում արաբալեզու զինյալների առկայության մասին, որոնք ներգրաված են եղել դիվերսիոն ներթափանցման խնդիրերի իրականացմանը, վերջինների տեղաշարժն իրականացվել է թուրքական արտադրության «Կոբրա» տեսակի թեթև զրահամեքենաներով։

Փաստական տվյալներն, ըստ պաշտոնյանի, բազմաթիվ են, դրանք ներկայացվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այժմ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը։

«Պետք է ձեռնարկենք բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր միջազգային բոլոր ատյաններ ներկայացված փաստական տվյալների հիման վրա լինի համարժեք քրեական պատասխանատվություն և պատիժ»,-ընդգծել է Ռաֆայել Վարդանյանը՝ նշելով, որ ՀՀ Քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի և առանձին գործ՝ Հայաստանի դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, ռազմական գործողություններում միջազգային պայմանագրով արգելված միջոցներ և մեթոդներ կիրառելու, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներ կատարելու, հանցավոր հրաման արձակելու, միջազգային ահաբեկչության առերևույթ հանցագործության փաստերի առթիվ։

Հավելենք, որ թուրք մասնագետների կողմից ադրբեջանցի զինվորականների շրջանում մարտական պատրաստականության դասընթացներ վարելու, նրանց պատերազմի նախապատրաստելու մասին է վկայել նաև Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննված ռազմագերի Էմին Բախշալիևը։

Лента

Рекомендуем посмотреть