Հակառակորդը հասկացնում է, որ շարունակելու է ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ, մեր համազգային խնդիրն է պայքարել. Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդը հասկացնում է, որ շարունակելու է ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ, մեր համազգային խնդիրն է պայքարել. Արցախի նախագահ

2020-10-26 18:48 , Политика, 1117

Հակառակորդը հասկացնում է, որ շարունակելու է ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ, մեր համազգային խնդիրն է պայքարել. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասված է.

«Հարգելի՛ հայրենակիցներ

Հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների գործադրած ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում հումանիտար հրադադար հաստատելուն, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է անտեսել և խախտել այդ նպատակով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները:

Ինչպես և նախորդ անգամները, Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը վերահաստատում էր Մոսկվայում հոկտեմբերի 10-ին և Փարիզում հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարը կյանքի կոչելու և պահպանելու կողմերի հանձնառությունը, այսօր կրկին կոպտորեն խախտվել է պաշտոնական Բաքվի կողմից: Հատկապես օրվա երկրորդ կեսին Ադրբեջանն առաջնագծի ողջ երկայնքով վերսկսել է նախահարձակ գործողությունները՝ հրթիռահրետանային միջոցների կիրառմամբ:

Այս ամենը հաստատում է, որ Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու և բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ: Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում արցախահայության անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որևէ զիջման ենթակա չեն, և այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»:

Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից պետք է ուժի մեջ մտներ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը: Սակայն ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, այսօր՝ ժամը 8:45-ի սահմաններում, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, այնուհետ՝ ժամը 09:10-ի սահմաններում, թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հաղորդվել է նաև հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտելու մասին:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ (ԱԻՊԾ) 11:13-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում՝ Մարտունի քաղաքի վրա կիրառելով ռազմական ավիացիա: Իսկ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: Քիչ առաջ էլ հաղորդվեց, որ թշնամական ուժերը գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծում են Մարտունին, Մարտակերտը, Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը:

Лента

Рекомендуем посмотреть