Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը (ՄԻՊ) տեղեկություն է ստացել, որ ադրբեջանական կողմը, խախտելով հոկտեմբերի 25-ին հաստատված՝ հրադադարի մասին պայմանավորվածությունը, շարունակել է հրթիռակոծել Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերը:
«Օրվա ընթացքում տևական հրթիռակոծության են ենթարկվել մի շարք բնակավայրեր, այդ թվում՝ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը, որտեղ մեկ ժամ առաջ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հարվածների հետևանքով զոհվել է քաղաքացիական մեկ անձ՝ Գևորգ Համբարձումյանը, վիրավորվել են քաղաքացիական երկու անձինք՝ Հենրիխ Ադամյանը և Անդրեյ Համբարձումյանը»,-հայտնում են Արցախի ՄԻՊ աշխատակազմից:
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից պետք է ուժի մեջ մտներ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը: Սակայն ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, այսօր՝ ժամը 8:45-ի սահմաններում, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, այնուհետ՝ ժամը 09:10-ի սահմաններում, թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հաղորդվել է նաև հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտելու մասին:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ (ԱԻՊԾ) 11:13-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում՝ Մարտունի քաղաքի վրա կիրառելով ռազմական ավիացիա: Իսկ ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: