Արցախի պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հայտնում են, որ, չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը, ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
«Մասնավորապես ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ:
ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու և վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,-ասված է Արցախի ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ից պետք է ուժի մեջ մտներ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարբեր ձևաչափերով անցկացրած բանակցություններից հետո Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև ձեռք բերված հերթական՝ թվով 3-րդ մարդասիրական հրադադարը: Սակայն ադրբեջանական կողմը, կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունն այսօր՝ ժամը 8:45-ի սահմաններում, հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ, այնուհետ՝ ժամը 09:10-ի սահմաններում, թիրախավորել է հարավարևելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ: Հաղորդվել է նաև հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ անգամ խախտելու մասին:
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն էլ (ԱԻՊԾ) 11:13-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է նաև խաղաղ բնակավայրերում՝ Մարտունի քաղաքի վրա կիրառելով ռազմական ավիացիա: